Կուբայի իշխանությունները փակում են մասնավոր կինոթատրոնները

17:25 • 03.11.13

Կուբայի իշխանությունները հրամայել են փակել երկրում աշխատող տասնյակ մասնավոր կինոթատրոնները և խաղասրահները, այս մասին գրում է BBC-ն:


Կուբայի կառավարությունն ընդգծում է, որ դա արվել է մասնավոր ձեռնարկությունների և ընկերությունների ղեկավարման համակարգը կարգավորելու նպատակով: Իշխանությունների խոսքերով՝ այդ սրահներից ոչ մեկը երբեք իր գործունեության համար թույլտվություն չի ստացել:


Կուբայում մասնավոր կերպով թույլ է տրվում զբաղվել 200 տեսակի գործունեությամբ:


Մի շարք ձեռնարկատերեր ռեստորաններ բացելով հարևան սենյակներում իրենց հաճախորդների համար կազմակերպում էին նաև ֆիլմերի ցուցադրություններ՝ չունենալով արտոնագրեր:


«Կինոցուցադրությունները (ներառյալ 3D սրահները) և համակարգչային խաղերը պետք է անմիջապես դադարեցվեն ցանկացած տեսակի մասնավոր բիզնեսում»,- ասված է կառավարության հայտարարության մեջ:


Մասնավոր վիդեոսրահները Կուբայում պետական կինոթատրոններին այլընտրանք էին դարձել, քանի որ վերջիններս ցույց չէին տալիս հոլիվուդյան բլոկբաստերներ: Ըստ աղբյուրի՝ այս որոշումը ձեռնարկատերերին մեծ վնաս է հասցնելու, քանի որ նրանք մեծ գումարներ են ներդրել արտասահմանից թանկ սարքավորումներ բերելու համար: