Ֆրանսիայում բազմահազարանոց ցույցն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով
Ֆրանսիայի Բրետան նահանգի Քեմփեր քաղաքում բազմահազարանոց ցույց է անցկացվել, որի մասնակիցները պահանջել են իշխանություններից նոր աշխատատեղեր ստեղծել և չեղյալ համարել մեծ բեռնատար մեքենաների հարկերը, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով Le Monde-ին։
Կազմակերպիչները վստահեցնում են, որ փողոց է դուրս եկել մոտ 30 հազ. մարդ, սակայն ոստիկանությունը հաշվել է միայն 15 հազ. ցուցարար։
Ոստիկանությունը վստահեցնում է, որ ծեծկռտուքը սկսել են ցուցարարները, որոնք սկսել են իրավապահների ուղղությամբ քարեր և շշեր նետել։ Դրան ի պատասխան՝ ոստիկանները ջուր և արցունքաբեր գազ են կիրառել։ Արդյունքում առնվազն 4 մարդ տուժել է, 3-ը ձերբակալվել տեղում։
Լրագրողները ցույցն անվանել են «կարմիր գլխարկների» ապստամբություն, քանի որ մասնակիցները եղել են կարմիր գլխարկներով։
Գյուղատնտեսությունը Բրետանիի տնտեսության առաջատար ոլորտն է։ «Էկոհարկի» պատճառով բեռնափոխադրումների արժեքի կտրուկ բարձրացումը ուժգին հարված է եղել շրջանին, որն առանց այն էլ տուժել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից։ Հենց դա էլ բողոք է առաջացրել բնակչության շրջանում։









