Միջադեպ Մաշտոցի պուրակում. հայրը վախենում էր ակտիվիստ տղայի համար և պահանջում դադարեցնել պայքարը (տեսանյութ)

18:26 • 03.11.13

Մաշտոցի պուրակում այսօր մինչ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները կպատրաստվեին ամենօրյա ակցիան սկսել, միջադեպ տեղի ունեցավ։ Ակտիվիստներից Արմեն Ադամյանի հայրն իր մյուս տղայի հետ եկել և պահանջում էր, որ տղային չխառնեն քաղաքական գործընթացների մեջ, քանի որ նրա կյանքի համար անհանգստանում էր, իսկ ակտիվիստ տղայից պահանջում էր վերադառնալ տուն։

Արմեն Ադամյանը հրաժարվում էր հոր հետ տուն գնալ՝ հայտարարելով, թե ընտանիքից բացի ինքը ուրիշ պարտք էլ ունի, ինչից հետո նրա եղբայրը հունից դուրս եկավ և ապտակեց, ըստ ամենայնի, տարիքով փոքր ակտիվիստ եղբորը՝ հայտարարելով, թե ընտանիքից թանկ բան նա իրավունք չունի ունենալու։


Հայրը հիմնավորում էր, որ տղայի համար վախենում է, որովհետև նրան քանի օր է ինչ-որ կասկածելի մարդիկ հետևում են։ Թեև նա ասաց, որ գլխի է ընկնում, թե սպառնալիքն ում կողմից է, բայց ամեն դեպքում տղային հորդորում էր հետ կանգնել այդ ճանապարահից։


Ակտիվիստ տղան էլ իր հերթին համառում էր և հորդորում հորը ճիշտը պատմել, թե ինչպես են արդեն հոր հետ հանդիպել Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները, որից հետո էլ հայրն էր որդուն առաջարկել հանդիպել և զրուցել նրանց հետ, սակայն երիտասարդը հրաժարվել էր ընդունել հոր խորհուրդը:

 

Ի վերջո, վիճաբանությանը, որը արդեն քաշքշոցի վերածվեց խառնվեցին ոստիկաները և հորն ու ավագ եղբորը հեռացրեցին պուրակից, իսկ տղան ակտիվստների հետ շարունակեց ակցիան՝ գալով Փակ շուկայի մոտ և ազգագրական պարեր պարելով Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների աչքի առաջ։