Իսրայելում անցկացվել է առողջ սննդի պատրաստման բանակային առաջնություն
Իսրայելի բանակային խոհարարները առաջնություն են կազմակերպել։ Այն անցկացվել է իսրայելական ռեստորանների լավագույն շեֆ խոհարարների հսկողությամբ, հայտնում է Life News-ը։
Առաջնությանը մասնակցել են զինվորներ տարբեր զորամասերից։ Խոհարարները ստիպված են եղել պատրաստել ուտեստներ հիմնականում բանջարեղենից։ Խոհարարների կարծիքով, բանակային կերակուրը պետք է լինի ոչ միայն համեղ, այլև առողջ։
«Բանակի համար կարևոր է, որ զինվորը լինի առողջ։ Կարևոր է նաև հետևել քաշին, որպեսզի զինվորը ձեռք չբերի ավելորդ քաշ և պահպանի իր առողջությունը և ուժերը»,- նշել է բանակային դիետոլոգ Ելենան։
Մրցույթի կազմակերպիչներն ասում են, որ մրցութային ուտեստները դժվար թե լինեն զինվորական ամենօրյա ճաշացանկում, սակայն առաջնության գլխավոր նպատակին հասել են՝ խթանել են ստեղծագործական որոնումները, հետաքրքրությամբ ցրել բանակային խոհարարների առօրյան և սերմանել առողջ սննդի հիմունքները։









