Աստծո ստեղծած ո´չ մի արարած անպետք չէ այս կյանքում. «Անպետքը» ֆիլմի ռեժիսոր Արշակ Զաքարյանն՝ իր ֆիլմի մասին
Օրերս համացանցում հայտնվեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի «Անպետքը» հեղինակային կարճամետրաժ գեղարվեստական կինոնկարը,որը, հիմնականում, դրական գնահատանքի արժանացավ: Ֆիլմի գլխավոր դերակատարը դերասան Գեորգի Հովակիմյանն է:
«Այս ֆիլմը յուրօրինակ պայքար է ինքնասպանությունների դեմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ հավելելով. «Աստծո ստեղծած ո´չ մի արարած անպետք չէ այս կյանքում»:
Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը Tert.am-ի հետ զրույցում գնահատելով ֆիլմը, ասաց, որ այն շատ հետաքրքիր է, որովհետև Զաքարյանի մտածելակերպն է հետաքրքիր:
«Նա հետաքրքիր բան է առաջարկում, որովհետև իր նախորդ «ֆիլմիկներն» էլ նույն ոճի մեջ են: Նույն ձեռագիրն է: Դրանք ավելի հրապարակախոսական են»,- նկատեց կինոռեժիսորը: Նրա կարծիքով՝ դրանք հստակ ուղղվածություն ունեն, ինչպես, օրինակ, գեղանկարչության մեջ կա բնանկար, նատյուրմորտ և այլն, այնպես էլ Զաքարյանն է հետաքրքիր ձեռագրով ներկայացրել իր ասելիքը:
«Իհա´րկե, դերակատարն էլ է լավը»,- նկատեց Ռուբեն Քոչարը՝ հավելելով, որ ամենակարևորը ֆիլմի հակիրճությունն է:
«Անպետքը» կարճամետրաժ ֆիլմի մասին Tert.am-ի հետ իր տպավորությունները կիսեց նաև դերասան Միքայել Պողոսյանը. «Արշակ Զաքարյանը շատ սկզբունքային անձնավորություն է, ունի իր հայացքները մեր իրականության տարբեր ոլորտների վերաբերյալ: Ինձ դուր է գալիս, որ այդպիսի տղերք կան»,- ասաց դերասանը:
«Նրա որոշ հոլովակները, թեկուզ՝ Թուրքիայից ապրանքներ ներմուծելու վերաբերյալ, շատ լավն են: Արշակը ճիշտ ճանապարհի վրա է: Կարևոր է, որ նա պրպտում է, որ հանգիստ չի մնում»,- ասաց Միքայել Պողոսյանը՝ շարունակելով, որ այսօր մեզ հաստատ այսպիսի ստեղծագործողներ են պետք:
Դերասանի գնահատմամբ, սակայն, միշտ չէ, որ Արշակ Զաքարյանը կարողանում է ասելիքը պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնել՝ տեխնիկական խնդիրներից ելնելով: «Կարծում եմ, որ դա հիմնականում ֆինանսների հետ է կապված, բայց շատ կարևոր է, որ նա չի լռում, այս պայմաններում կարողանում է ինչ-որ բաներ հայթայթել ու ստեղծագործել: Գիտեմ շատ ստեղծագործողների, որոնք մեծ-մեծ խոսում են, բայց չեն փորձում նույնիսկ՝ մատը մատին տալ ինչ-որ բան ստեղծելու համար»,- եզրափակեց Մ. Պողոսյանը:
Tert.am-ի գրավոր հարցին ի պատասխան ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նշել է, որ ֆիլմի համար շատ գեղեցիկ ձև է ընտրվել. «Իմ կարծիքով՝ անկախ սոցիալական կարգավիճակից՝ յուրաքանչյուր մարդ տարբեր իրավիճակներում և հանգամանքների բերումով ունենում է սեփական անպետքության զգացողության պահեր: Ի՞նչը կարող է նրան դրդել «սուիցիդի» կամ ի՞նչը կարող է նրան ետ պահել դրանից… Չգիտեմ: Սա պատահականությա՞ն, ճակատագրի՞ մասին է, թե՞ առօրյա անտարբերության, այն անտարբերության, որը հատուկ է մեծ քաղաքներին և ցավոք` արդեն մեզ: Չեմ կարծում, թե շատերը մոտենային, ասենք՝ մայթին ընկած Ասատուրին: Այս ֆիլմն ինձ համար «ամեն բան հարաբերական է» շարքից է… Հետաքրքիր է, հետո՞… ինչպիսի՞ն կլինի Ասատուրի ճակատագիրը… Հիշեցի Սթեֆան Ֆրիրզի «Հերոսը» ֆիլմը…Շնորհավորում եմ ստեղծագործական խմբին` լավ ու գեղեցիկ պատմություն ստեղծելու համար»։
Ֆիլմի ռեժիսոր Արշակ Զաքարյանը տեղեկացրեց նաև, որ ֆիլմը ներկայացվել է լեհական «Զում-Զբիլժենիա» անկախ ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնին, ու ավելացրեց. «Մենք ունենք ևս երկու կարճամետրաժ ֆիլմ, որոնք պատրաստ են նկարահանման, և նաև՝ 4 լիամետրաժ ֆիլմ, ու հնարավորության դեպքում կնկարենք դրանցից ցանկացածը»:










