Վերջին անգամ ե՞րբ եք թատրոն գնացել. Tert.am-ի հարցումը պաշտոնյաների շրջանում

22:26 • 26.11.13

Հայաստանյան քաղաքական գործիչները մասնակցություն ունենո՞ւմ են երկրի մշակութային կյանքին, վերջին անգամ ե՞րբ են թատրոն հաճախել և ո՞ր ներկայացումն են դիտել: Tert.am-ն այս հարցն ուղղեց նրանցից մի քանիսին:


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը մոտ մեկ տարի առաջ եղել է Կամերային թատրոնում, սակայն ներկայացման անվանումը չի հիշում:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանն ասաց, թե վերջին անգամ արտասահմանյան ներկայացում է դիտել. «Ուղղակի անունը լավ չեմ հիշում, բայց «Հայֆեստ»-ի շրջանակներում էր, բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ: Դրանից առաջ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն էր Համազգային թատրոնում ներկայացում կազմակերպել. «Օ՜, կանայք, դարձյա´լ կանայք», որին էլի ներկա եմ եղել»:

 

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պատասխանեց. «Ես Արքա Լիրն եմ գնացել, մեր՝ Վանաձորի Աբելյանի թատրոնում»:


ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը վերջերս պրեմիերայի է մասնակցել Ստանիսլավսկու անվան թատրոնում, սակայն անվանումը չի հիշում, քանի որ «հարցը շատ անակնկալ էր»: «Ցանկալի է ավելի շատ ժամանակ ունենալ և տրամադրել ներկայացումներին, բայց ժամանակ առ ժամանակ հասցնում եմ, հատկապես՝ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ այցելում եմ թատրոններ»,-նշեց Հ. Բաբուխանյանը:

 

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը նախորդ օրը Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկա է եղել «Կոնտրաբասը» ներկայացմանը:


Նույն հարցին պատասխանելիս ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն ասաց. «Դժվարանում եմ հիշել»:


«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը «Մուսա Լեռան քառասուն օրը» ներկայացումն է դիտել բոլորովին վերջերս, իսկ ամենավերջինը Աստրովսկու «Ամեն ինչ վաճառվում է» ներկայացումն է եղել: