Շառլ Ազնավուրը Ժնևում մրցանակ է հանձնել բարոնուհի Քերոլայն Քոքսին (լուսանկարներ)

11:23 • 27.11.13

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը բարոնուհի Քերոլայն Քոքսին է հանձնել Շառլ Ազնավուրի անվան մրցանակ՝ Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած ակնառու նվաճումների համար:

 

Այս մասին հայտնում են Բրյուսելում գործող Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) ՀԿ-ից: 

 

Մրցանակը ստեղծվել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ ՀԿ-ի և Եվրոպա-Հայաստան Խորհրդի կողմից: Այն նպատակ ունի նպաստել Եվրոպայի և Հայաստանի միջև կապերի խթանմանն ուղղված նախաձեռնությունները, ի ցույց դնել Եվրոպա-Հայաստան հարաբերությունների նվաճումները, ինչպես նաև ընդգծել Հայաստանի և Եվրոպայի միջև դրական հարաբերությունների կարևորությունը: 

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրոպա-Հայաստան խորհուրդը 2013-ի փետրվարի 16-ին Երևանում կայացած իր երկրորդ Գլխավոր ժողովի ժամանակ ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ որպես մրցանակի առաջին ստացող՝ ի նշանավորումն Հայաստան-Եվրոպա հարաբերություններին աջակցելու նրա երկարատև վաստակի: