Քաղաքական այրերից ոչ ոք չի այցելում թանգարան. Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն

22:54 • 27.11.13

Հայաստանյան քաղաքական էլիտայից Եղիշե Չարենցի տուն-թանգարան են այցելում միայն Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ե. Չարենցի անվան տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը՝ ավելացնելով, որ քաղաքական այրերից ոչ ոք չի այցելում տուն-թանգարան: Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ը Չարենցի մահվան oրն է (1937թ.):

 


Տուն-թանգարանի տնօրենը տեղեկացրեց նաև, որ արդեն 11 տարի շարունակ դպրոցականների շրջանում չարենցյան ասմունքի ամենամյա փառատոն է կազմակերպվում: Այս տարի փառատոնը նվիրված է եղել ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի հիշատակին, ով եղել է տուն-թանգարանի հավատարիմ այցելուն:

 


Այս տարվանից արդեն տուն-թանգարանի տնօրինությունը մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ առանձին ծրագիր է մշակում: «2014թ հունվարից արդեն հանրակրթական դպրոցներում դասեր կանցկացվեն, որտեղ աշակերտների հետ միասին կարդալու ենք Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը, կինոֆիլմերի դիտումներ են լինելու»,- նշեց Լիլիթ Հակոբյանը:

 


Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Արփենիկ Չարենցի դուստր Գոհար Չարենցը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Չարենցի մահվան տարելիցի մասին, ասաց, որ 1936-ին իր պապը կնոջը՝ Իզաբելային նվիրված անվերնագիր բանաստեղծություն էր գրել. «Իմ մահվան օրը կիջնի լռություն, ծանր կնստի քաղաքի վրա…»: «Նա կարծես զգում էր իր մոտալուտ մահը»,-ասաց Գոհար Չարենցը՝ ավելացնելով. «Ամեն տարի այս օրը շատ հուզիչ է մեզ համար, իր ընտանիքի անդամների համար: Մտածում ենք նրա ողբերգական կյանքի և նույնքան ողբերգական մահվան մասին»: