Չարենցն այդպես էլ անգերեզման մնաց, բայց գրականագետները նրա հիշատակը հարգում են Հրազդանի կիրճում
Այսօր բանաստեղծ Եղիշե Չարենցի մահվան օրն է, սակայն դեռ գտնված չէ նրա գերեզմանը:Որոշ գրականագետներ հակված են այն մտքին, որ Չարենցի գերեզմանը գտնվում է Հրազդանի կիրճում: Այս կարծիքի կողմնակից է նաև գրականագետ Հովիկ Չարխչյանը, ով արդեն մի քանի տարի է, ինչ Նոյեմբերի 27-ին այցելում է Հրազդանի կիրճ` հարգելու գրողի հիշատակը:
Tert.am-ի հետ զրույցում նա պատմեց , թե ինչպես է գտնվել գերեզմանը. «Տարիներ առաջ գրականագետները հստակ իմացել են, որ Չարենցի գերեզմանն այդտեղ է, սակայն որոնումներն արդյունք չեն տվել: Հողագործը, ում պատկանում է այդ տարածքը, պատահաբար գտել է ոսկորներ:Ոսկորները տարվել են Գիտությունների ակադեմիա, ապա կատարվել է փորձաքննություն: Որոշակի նշաններ՝ տարիքն ու չափսերը համընկել են»:
Գրականագետի խոսքով՝ այդ ժամանակ բանաստեղծի ժառանգները հաստատել են, որ գտնվել է Չարենցի գերեզմանը: Սակայն որոշ ժամանակ անց բանաստեղծի աղջիկները հերքեցին նախօրոք հայտարարվածն ու ասացին, որ իրենց հորը պետք չէ գերեզման. ամբողջ Հայաստանն է Չարենցի գերեզմանը:
«Ինձ համար դա բացատրություն չունի:Այդ նույն կարծիքի մարդիկ կհամաձայնեի՞ն անգերեզման մնալ: Տարօրինակ մոտեցում է, տրամաբանական շերտ չեմ տեսնում»,-ասաց Հովիկ Չարխչյանը:
Նա նաև պատմեց, որ Հրազդանի կիրճում ժամանակին հոգևորականի հետ պատարագ են կազմակերպել Չարենցի հոգու հանգստության համար: Անտեղ նաև ցուցանակ են կանգնեցրել` գերեզմանը պատկանում է Չարենցին:
Հովիկ Չարխչյանը նաև ասաց, որ գերեզմանը ենթարկվել է վանդալիզմի, որն արձանագրել են հարևանությամբ գտնվող՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան տեսախցիկները, սակայն դեպքն անարձագանք է մնացել:










