Կոնստեբլ՝ Կոնստեբլի տակ. հանրահայտ նկարչի անհայտ յուղանկարը հայտնաբերվել է նրա կտավներից մեկի տակ (լուսանկարներ)
18-րդ դարի հանրահայտ անգլիացի նկարիչ Ջոն Կոնստեբլի մինչ այս անհայտ յուղանկարը հայտնաբերվել է նրա մեկ այլ կտավի տակ, հայտնում է The Guardian-ը։

Ուշագրավ հայտնագործությունն արել են Victoria and Albert թանգարանի աշխատակիցները, երբ նախապատրաստվում էին 2014թ. աշնանը կայանալիք Կոնստեբլի թեմատիկ ցուցահանդեսին։
Մասնագետները պատմել են, որ տաղանդավոր նկարչի «Բրենչ հիլի լճակը» նկարի տակ հայտնաբերել են մոռացված յուղանկարը, որի քողարկման պատճառն անհայտ է։

«Դա անչափ տպավորիչ էր. մենք գտանք այնպիսի բան, որը նախկինում ոչ ոք չէր տեսել»,- պատմել է թանգարանի աշխատակից Նիկոլա Կոստարասը։
Թանգարանն ունի աշխարհում Կոնստեբլի կտավների խոշորագույն հավաքածուն։ Նկարչի դուստրը՝ Իզաբելը, 1888թ. թանգարանին է փոխանցել հոր վրձնին պատկանող 392 կտավ։










