Շատ եմ գնահատում ձեր ներդրումը համաշխարհային դասական երաժշտության մեջ. աշխարհահռչակ ջութակահարը Հայաստանում է
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում նոյեմբերի 28-ին առաջին անգամ Հայաստանում Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի մենահամերգը, ինչին ընդառաջ այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս:
«Ես շատ ընկերներ ունեմ այստեղ, շատ եմ գնահատում ձեր ներդրումը համաշխարհային դասական երաժշտության մեջ՝ մեծ երաժիշտների, կոմպոզիտորների, հանճարների մեծ թիվը որոնք իրենց ներդրումն են ունեցել»,- ասաց նա ու հավելեց. «Շատ եմ սպասում համերգին: Շատ ուրախ եմ, որ կարող եմ իմ մասն ունենալ ձեր պատմության մեջ»:
Խոսելով դասական երաժշտության մեջ իր ներդրման մասին՝ երաժիշտը նշեց, որ իրեն համարում է ռուսական դասական երաժշտության լավագույն ավանդույթների, մասնավորապես՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի շարունակողը: «Իհարկե, 21-րդ դարում էլ շատ են տաղանդավոր կոմպոզիտորները, որոնց պարբերաբար խնդրում եմ ինձ համար նոր ստեղծագործություններ գրել: Միաժամանակ կարծում եմ՝ հին ավանդույթները պահպանելը ևս շատ կարևոր է»,- ասաց նա:
Մաքսիմ Վենգերովը ելույթ կունենա հայազգի դաշնակահար Վահագն Պապյանի հետ: «Շատ ուրախ եմ, որ հիասքանչ դաշնակահար Վահագն Պապյանի հետ եմ ելույթ ունենալու: Միշտ էլ ցանկացել եմ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը նվագել, ինչը, սակայն, դեպքերի բերումով, երբեք իրականություն չի դարձել»,- ասաց Մաքսիմ Վենգերովը՝ հավելելով, որ իր այդ ցանկության շուրջ մինչ այժմ մտածում է:










