Հին վարպետ, նոր տեխնոլոգիաներ. ճանաչված նկարիչն iPad-ի օգնությամբ կտավների նոր հավաքածու է ստեղծել (լուսանկարներ)
20-րդ դարի ճանաչված բրիտանացի նկարիչ Դևիդ Հոքնին որոշել է ժամանակին համընթաց քայլել ու իր արվեստում կիրառել նոր տեխնոլոգիաներ։ Ինչպես նշում է Daily Mail-ը, 76-ամյա արվեստագետի կարծիքով՝ նոր տեխնոլոգիաների հետ փորձարկումներ անելն անչափ հետաքրքիր է։

Հոքնին պատմել է, որ iPad պլանշետներն իր աշխատանքը տեղափոխել են բոլորովին այլ հարթություն։ Սան Ֆրանցիսկոյի թանգարաններից մեկում նա ներկայացրել է iPad-ի միջոցով ստեղծված կտավների իր հավաքածուն, որը կոչվում է Bigger Yosemite։

«Ինձ դուր է գալիս այն, որ կարող եմ մատներով պլանշետի վրա շատ արագ նկարել, իսկ սարքի առաջարկած գույների բազմազանությունն ուղղակի ապշեցնում է»,-պատմել է նկարիչը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունվարի 20-ը։














