Ուդի վարպետը կդառնա Թուրքիայի պետական երգչախմբի առաջին հայ երաժիշտն ու կկատարի հայերեն երգեր
Ուդի հայ վարպետ Երվանդ Բոսթանջըն, ով 21 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո վերադարձել է հայրենի Դիարբեքիր, դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը՝ Դիարբեքիրի պետական թուրքական դասական երգչախմբում աշխատելու համար, գրում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը։
Նա այժմ որպես «հյուր արվեստագետ» մասնակցում է երգչախմբի աշխատանքներին և 800 թուրքական լիրա աշխատավարձ ստանում, սակայն եթե քննությունը հանձնի և ընդունվի երգչախումբ, կդառնա ազգությամբ հայ առաջին արվեստագետը։
Երվանդ Բոսթանջըն ծնվել է Դիարբեքիրի «Գյավուրների թաղամասում» և 1992թ.-ին տեղափոխվել է ԱՄՆ։
Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքի և Դիարբեքիրի նահանգապետ Օսման Բայդեմիրի՝ հայրենիք վերադառնալու կոչը լսելով՝ տեղափոխվել է Դիարբեքիր։
ԱՄՆ-ից վերադառնալով՝ 800 լիրա եկամուտով է ապրում
ԱՄՆ-ում տարիներ շարունակ թուրքերեն, քրդերեն և հայերեն երգելով և ուդ նվագելով ապրած Երվանդ Բոսթանջըն հայրենիքում 500 լիրայով տուն է վարձել։ Սակայն ավելի ուշ Ամերիկայից բերած գումարը վերջացել է, և չկարողանալով վճարել տան վարձը, տեղափոխվել է այլ տուն։ Այժմ երգչախմբից 800 թուրքական լիրա աշխատավարձ է ստանում։
Հայրենիքի կարոտին չդիմանալով վերադարձած Երվանդը ֆինանսական դժվարություններ ունի։ ԱՄՆ-ում 4.000 դոլար վաստակող արվեստագետն այժմ նշում է, որ 800 լիրայով գոյատևելն անհնար է։ Հեռախոսն անջատել են՝ 90 լիրա պարտքի պատճառով։
Նա հույս ունի, որ այսօր կհանձնի քննությունն ու կդառնա Դիարբեքիրի պետական երգչախմբի երգիչ և ուդահար։ «Շատ ուրախ եմ, որ դառնալու եմ երգչախմբի առաջին հայ երաժիշտը»,-ասել է նա։
Բոսթանջըն արդեն համերգներով է հանդես եկել Բաթմանում և Անկարայում։ Կատարել է թուրքերեն, քրդերեն և հայերեն երգեր։
Դիարբեքիրի պետական դասական թուրքական երգչախմբի ղեկավար Մեհմեթ Էմին Գյունեշն ասել է, որ Երվանդ Բոսթանջըն իր 36 հոգանոց երգչախմբին նոր գույն է հաղորդել։ «36 հոգանոց երգչախմբում նրա ներկայությունը բացը լրացրեց։ Մեր երգչախումբը կատարում էր թուրքերեն, քրդերեն, զազայերեն երգեր, այժմ նաև հայերենն է ավելանալու։ Բոսթանջըն մեզ ուժ տվեց»,-ասել է նա։










