Հայաստանի կամերային նվագախումբը վերադարձել է Լոս Անջելեսից, որտեղ խնդիրներ է ունեցել

23:23 • 28.11.13

Արամ Խաչատրյանի 110-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում Սանկտ Պետերբուրգի և Լոս Անջելեսի հյուրախաղերից վերադարձել  են Հայաստանի կամերային երգչախումն ու նվագախումբը:


Tert.am-ի հետ զրույցում երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանն ասաց, որ Սանկտ Պետերբուրգում ամեն ինչ նորմալ է ընթացել, սակայն Լոս Անջելեսում ծագել են մի շարք տեխնիկական խնդիրներ:

 

«Այդ խնդիրները միտումնավոր էին ստեղծվում: Մենք անցած տարի հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոսի հետ (հիմա արդեն՝ նախկին), ով տեղեկացավ մեր ծրագրերի մասին: Դրանից անմիջապես հետո ինքն էր նախաձեռնել Արամ Խաչատրյանի 110-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում միջոցառումների կազմակերպումն ու մեծ դրամահավաքներ արել: Մի ճղճիմ համերգ էր կազմակերպել հայտնի սրահներից մեկի նախասրահում, երկու–երեք երաժիշտ էին հրավիրել: Եվ հետո ողջ տարին մի դահլիճի փոքր անկյունում հայտարարված էր եղել հոբելյանական տարի: Երբ դրանից հետո դիմում էին մարդկանց՝ օժանդակության համար, ասում էին՝ «մենք դրա համար մեծ գումարներ ենք վճարել»,-պատմեց Արմեն Արաբյանը:

 

Նրա խոսքով՝ նման համերգների կազմակերպումն առանց հովանավորների հնարավոր չէ:


Լոսանջելեսյան մյուս տհաճ անանկալը մատուցել է տեղի իրանահայերի միության նախագահը: Ըստ Արմեն Արաբյանի՝ նա վաճառելու նպատակով վերցրել է տոմսերի գրեթե ողջ խմբաքանակը և վերջին օրը վերադարձրել, իսկ մինչ այդ չի պատասխանել հեռախոսազանգերին»,-պատմեց Արմեն Արաբյանը՝ հավելելով, որ երգչախումբն, այնուամենայնիվ, կարողացել է պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից և հիանալի համերգ տալ: