Հրեաները տոնում են Հանուկան
Ամբողջ աշխարհի հրեաները տոնում են Հանուկան` իրենց գլխավոր տոներից մեկը, որն անվանում են նաև լույսի և կրակների տոն, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Նախօրեին ի նշանավորումն տոնի հսկայական ծիսական մոմակալներ են վառվել Երուսաղեմում` Լացի պատի մոտ, ինչպես նաև` Բեռլինի Բրանդենբուրգի դարպասի և Վաշինգտոնում` Սպիտակ տան Էլիփս զբոսայգու մոտ: Նույնն արվել է նաև աշխարհի այլ բազմաթիվ քաղաքների հրապարակներում: Ի դեպ, ԱՄՆ-ում տոնը համընկել է Գոհաբանության տոնի հետ, ինչը բացառիկ համընկնում է և կկրկնվի միայն 77.798 տարի հետո:
Տոնակատարությունները կտևեն 8 օր, ինչը բացատրվում է այս տոնի պատմությամբ: Մ.թ.ա. 2-րդ դարում Իսրայելի ռազմիկները հաղթեցին հույներին և վտարեցին նրանց Սրբազան հողից: Ապա տաճարում մի քիչ վառելայուղ հայտնաբերեցին կանթեղների համար, սակայն դրանք հրաշքով վառվեցին ոչ թե մեկ, այլ 8 օր:
Հանուկայի ժամանակ ընդունված է նաև հատուկ հյուրասիրություն պատրաստել` կարտոֆիլային բլիթների և տապակված փքաբլիթների տեսքով:










