Մոսկվայում տեղի է ունեցել Երևանի օրերի գալա համերգը

10:14 • 28.11.13

ՌԴ մայրաքաղաքի Միությունների տան սյունազարդ դահլիճում կայացել է Մոսկվայում Երևանի օրերի գալա-համերգը, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Երեկոյի ընթացքում մոսկովյան արվեստասեր հասարակությունը հնարավորություն է ունեցել ունկնդրելու հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ինչպես դասական, այնպես էլ ջազային և էստրադային հայտնի ստեղծագործությունների կատարումներ` հայ երաժշտարվեստի սիրված ու ճանաչված ներկայացուցիչների կատարմամբ:


Ամբողջ երեկոյի ընթացքում արտիստներին նվագակցել և առանձին կատարումներով հանդես է եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:


Հանդիսատեսը հատուկ ոգևորությամբ և ջերմությամբ է արձագանքել գալա համերգին ներկայացված Երևանի ու Հայաստանի մասին երգերի ընտրանուն: Իսկ արդեն համերգի ավարտին հատկապես ռուս հանդիսատեսները խոստովանել են, որ իսկապես հիացած են հայ կատարողների վարպետությամբ: