«Օրհնյա´լ է հայ և ռուս դարավոր բարեկամությունը». փորագրություն դեկտեմբերի 2-ին բացվելիք հուշարձանի վրա

20:51 • 29.11.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կապակցությամբ Երևանում կբացվի հուշարձան՝ ի նշան հայ և ռուս ժողովուրդների բարեկամության: Նալբանդյան-Խանջյան փողոցների խաչմերուկում գտնվող պուրակում՝ Մ. Նալբանդյանի արձանի դիմաց գտնվող՝ խաչ բռնած երկու կանանց մարմարյա արձանի տակ փորագրված է՝ «Օրհնյա´լ է հայ և ռուս դարավոր բարեկամությունը»:


Նշենք, որ արձանն արդեն ծածկած է:

 

Tert.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը նշեց, որ արձանի մասին տեղեկություններ կհաղորդեն վաղը, բայց տեղեկացրեց, որ այն կբացվի դեկտեմբերի 2-ին, նույն օրը, երբ Հայաստան կժամանի Վլադիմիր Պուտինը:

 

Հարցին, թե՝ ինչու՞ է հենց հիմա նման արձան բացվում, նման անհրաժեշտություն առաջացավ սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ նախագահը որոշում կայացրեց անդամակցել Մաքսային միությանը, Արթուր Սարուխանյանը հորդորեց սպասել վաղվա հաղորդագրությանը և նշեց, որ իրավասու չէ պատասխանել հարցին:

 

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ այդ տարածքում մաքրման, կանաչ խոտերի տեղադրման աշխատանքներ են իրականացվում: Տարածքում նաև տեղադրվել է փոքրիկ բեմ՝ գորգերով ու դրոշներով զարդարված: