Ցավալի է ու անհնար հավատալ սրան. Սերգեյ Բեզռուկովը ցավակցել է Յուրի Յակովլևի մահվան կապակցությամբ
Ճանաչված ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը Facebook սոցկայքի իր էջում ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Վախթանգովի թատրոնի դերասան Յուրի Յակովլևի մահվան կապակցությամբ։
«Հեռացավ Յուրի Յակովլևը. ցավալի է և անհնար հավատալ սրան, քանի որ ինձ բախտ է վիճակվել աշխատել նրա հետ, և ես գիտեմ, թե ինչ կենսախինդ, հմայիչ մարդ ու հոյակապ վարպետ էր նա։ Ինչքան ինձ հիշում եմ, Յուրի Յակովլևի դերերն ու նրա մասնակցությամբ ֆիլմերն իմ կյանքի, ամբողջ երկրի կյանքի մի մասն են։ Նա հարազատ մարդ էր յուրաքանչյուր ընտանիքի, միլիոնավոր մարդկանց համար։
Հարազատ էր նրա հումորը, աչքերի չարաճճի փայլը։ Որպես մարդ նա տարբեր էր՝ փափուկ, ինտելիգենտ,բայց միևնույն ժամանակ՝ հզոր։ Հիմա նա էլ մեզ հետ չէ։ Ցավակցում եմ Յուրի Վասիլևիչի հարազատներին, բարեկամներին, գործընկերներին ու բոլոր նրանց, ում համար նա թանկ անձնավորություն էր։ Թող Աստված լուսավորի մեծ ռուս դերասանի հոգին»,-գրել է Բեզռուկովը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Յակովլևը մահացել է այս գիշեր՝ հիվանդանոցում, երկարատև ծանր հիվանդությունից հետո։
Սիրված դերասանին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Վախթանգովի թատրոնում:
Դերասանը ծնվել է 1928 թվականի ապրիլի 25-ին՝ Մոսկվայում, իրավաբանի ընտանիքում։ Յակովլևը խաղացել է 100-ից ավելի դերեր թատրոնում և կինոյում: Նրա ամենահայտնի աշխատանքներն են՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում Իվան Ահեղի, «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում՝ Իպոլիտի դերերը: Հատկապես՝ սիրված է նրա՝ «Царь. Очень приятно, царь» արտահայտությունը։










