Դեմ ենք որևէ գրաքննության, բայց կողմ՝ լավ գրականության քարոզին. Մանկագիրներն անզոր են գրական աղբի դեմ

22:20 • 30.11.13

Գրողների միության մանկական գրականության բաժնի վարչ, մանկագիր, «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանի համար նորություն չէ, որ տպագրվում են այնպիսի մանկական գրքեր, որոնք հակադաստիարակչական, տգետ բովանդակություն ունեն։ Մինչդեռ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս հարցը միությունում բարձրացնելու խնդիր չեն տեսնում։ «Մենք դեմ ենք որևէ գրաքննության, բայց կողմ՝ լավ գրականության քարոզին»,-ասաց նա և հարցրեց, թե ի՞նչ կարող են անել մանկագիրները կամ միությունը, երբ մանկագիրների անվան տակ գտնվում են մարդիկ, ովքեր գումար ունեն և աղբ են տպագրում։



Նշենք, որ համացանցում տարածվել է «Գրատուն» հրատարակչության հրատարակած Խաչիկ Մարտիրոսյան անունով «մանկագրի» բաստեղծությունների ընտրանին, որտեղից առանձնացվել են մի քանի քառատողեր։ Ներկայացնենք դրանցից մեկը։
Մայրի՛կ, տատիկին տեսա,
Ատամները ողջ հանեց,
Ջրով մաքրեց կուլ տվեց,
Ինչի՞, ինչի՞ կուլ տվեց։

 

Անուշ Վարդանյանը, որպես Գրողների միության մանկական գրականության բաժնի վարիչ, վստահեցրեց, որ նման գրող միությունում չկա։ «Մենք պայքարում ենք, որ ամեն աղբ չտպվի, բայց որ տպում են, ի՞նչ կարող ենք անել, իրենք իրենց փողերով տպում են»,-ասաց նա։

 

Հարցին, թե՝ Գրողների միությունը չի՞ կարող վերահսկողություն սահմանել, և արդյո՞ք այստեղ օրենսդրական բաց չկա, Անուշ Վարդանյանն արձագանքեց. «Օրենսդրության բաց չկա, և ես դեմ եմ գրաքննություն մտցնելուն, բայց կողմ եմ, որ ներկայացնեն լավագույն գրականություն, թող լավ գրականությունը երևա։ Վատը տեսնում եք, անմիջապես աղմուկ եք բարձրացնում, իսկ լավը ոչ մի կերպ չի հաջողվում ներկայացնել լրատվամիջոցների կողմից։ Իսկ ծնողն ինչպե՞ս է իմանալու՝ որն է լավը, որը՝ ոչ, եթե չեն ներկայացնում, թե որ մանկագիրը տարվա լավագույն մրցանակին արժանացավ»,-ասաց նա և կրկնեց, որ հարցի լուծումը մշտապես լավագույն մանկագիրներին ներկայացնելն է։
«Նրանց ստեղծագորոծություններն, Աստծուն փառք, տպագրում ենք։ Օրինակ՝ այս տարի Արմեն Շեկոյանի, Ռոլանդ Շառոյանի, Վրեժ Իսրայելյանի գրքերն են հրապարակվել, շուտով շնորհանդես ենք անելու։ Թե չէ՝ ասում եք՝ արգելել, ո՞նց կարող ենք արգելել, դա հնարավոր չէ»,-ասաց նա։

 

Մեր դիտարկմանը, թե՝ ինչպե՞ս էր դա կանխվում օրինակ՝ խորհրդային տարիներին, մանկական գրականության խմբագիրը պատասխանեց. «Այն ժամանակ ինչպե՞ս կարող էր գրիք տպվել առանց գրաքննության, 10 տարի սպասում էին գրողները, թե ինչ է՝ մի գիրք տպվեր, դրանք ուրիշ սկզբունքներ էին: Հիմա արդեն ամեն մեկն էլ, ով գումար ունի, կարող է գիրք տպել»,-ասաց նա։

 

Մանկագիր Վաղինակ Մանցականյանն, ի տարբերություն Անուշ Վարդանյանի, հարցը Միությունում բարձրացնելու անհրաժեշտություն տեսնում է։ «Եթե ժողով եղավ մեզ մոտ, ես կբարձրացնեմ այդ հարցը, անպայմա´ն։ Դարը փոխվել է, առաջվա նման չի ամեն ինչ, առաջ ամեն մի տողը, ամեն մի տառն ստուգվում էր, հիմա արդեն կան մարդիկ, որ խմբագրվելու կարիք էլ չեն զգում։ Այդպիսի բան ո՞նց կլինի, մեղք է երեխան, չէ՞, երեխային խաբել չի լինի»,-ասաց նա։

 

Վաղինակ Մանցականյանի համար զարմանալի է, թե ինչպես է հրատարակչությունը հանձն առել նման գիրք տպագրել։ «Մոլոդեց, որ մենք պետականորեն հրատարակվում ենք, և մեր գրքերի վաճառքի հետ խնդիր կա, իսկ իրենք մասնավոր կարգով կարողանում են վաճառել և իրենց կոչել մանկագիր»,-ասաց նա և այս հարցը դիտարկեց համապատասխան պաշտոնյաների լուծման տիրույթում։