Ֆրանսիայի նախկին վարչապետի գրքերի հավաքածուն աճուրդում վաճառվել է 2.9 մլն եվրոյով

12:33 • 01.12.13

Փարիզում 2.9 մլն եվրոյով վաճառվել է Ֆրանսիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար Դոմինիկ դը Վիլպենի գրքերի և ձեռագրերի հավաքածուն, այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Pierre Bergé & Associés» աճուրդի տանը։


«Կրակ և հուր. քաղաքական ուղի» անվանումով աճուրդում ներկայացվել է 450 նմուշ։ Դա 16-ից 20-րդ դարի ժամանակաշրջանին վերաբերող գրքեր և ձեռագրեր են։ Գրականությամբ և պատմությամբ տարված դե Վիլպենը հավաքել է այդ գրադարանը 40 տարվա ընթացքում։


Ամենաբարձրը գնահատվել է գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակիր, ֆրանսիացի գրող և հասարակական գործիչ Անդրե Ժիդի 1928թ. տպագրված «Ճանապարհորդություն դեպի Կոնգո և վերադարձ Չադ լճից» գիրքը։ Գրքում կան բազմաթիվ լուսանկարներ՝ արված հայտնի կինոռեժիսոր և լուսանկարիչ Մարկ Ալեգրեի կողմից։ Գիրքն աճուրդում գնել են 205.8 հազ. եվրոյով։
 

Մեկ այլ Նոբելյան մրցանակակիր Ալբեր Կամյուի «Ըմբոստացած մարդը» վեպի բացառիկ հրապարակումը (1951թ.), որում կան նաև Ժան Պոլ Սարտրի և Սիմոնա դե Բովուարի նախաբանները, վաճառվել է 89 հազ. եվրոյով։


Դոմինիկ դը Վիլպենը բաժանվել է նույնիսկ մի գրքից, որը երազում է իր հավաքածուում ունենալ յուրաքանչյուր ֆրանսիացի հավաքորդ՝ «Տինտինը Խորհուրդների երկրում» կոմիքսների հրատարակումը, որը տպագրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և հետագայում մի քանի տասնամյակների ընթացքում չի վերահրատարակվել։ Այդ գիրքը վաճառվել է 53.44 հազ. եվրոյով։