Չին ռեժիսորը տուգանք կվճարի «ավելորդ» 2 երեխայի համար

14:14 • 02.12.13

Չին ռեժիսոր Չժան Իմոուն խոստովանել է, որ խախտել է երկրում տարվող «1 ընտանիք՝ 1 երեխա» քաղաքականությունն ու կնոջ՝ Չեն Տինի հետ 3 երեխա ունի։

 

Ինչպես հայտնում է Лента-ն՝ BBC News-ին հղումով, ռեժիսորն այս մասին ասել է բաց նամակում՝ մանրամասնելով, որ ունի 2 տղա և 1 աղջիկ։ Ռեժիսորը ներողություն է խնդրել իշխանություններից՝ պարտավորվելով վճարել իրեն հասանելիք տուգանքը։

 

Բացի այդ, նա մտադիր է դատի տալ այն ԶԼՄ-ներին, որոնք տվյալներ են հրապարակել, թե ինքը 7-8 երեխա ունի՝ տարբեր կանանցից։

 

Չժան Իմոուն Արևմուտքում ամենահայտնի չին ռեժիսորներից է, ում նկարահանած ֆիլմերը մրցանակների են արժանացել Բեռլինի ու Վենետիկի կինոփառատոներում, ինչպես նաև ներկայացվել են «Օսկարի»։