Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշարձանի բացմանը (լուսանկարներ)

10:46 • 02.12.13

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ Խաչ» հուշարձանի բացման արարողությանը:

 

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 

 

Այն բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997թ. տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան Դարպասներ»-ի պուրակում:

 

Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները: 

 

Հաղորդագրությունում ասվում է, որ Երևան քաղաքի Մոսկովյան-Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում ս.թ. դեկտեմբերի 2-ին տեղադրվել է «Միացյալ Խաչ» անունը կրող հուշարձան` որպես հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ: Սպիտակ-մոխրագույն գրանիտից կերտած, 4,5 մետր բարձրությամբ հուշարձանն իրենից ներկայացնում է երկու բարեկամ՝ հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող կանանց, ովքեր գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը: Հուշարձանի նյութի և գույնի ընտրությունը համահունչ է նրա իմաստային նշանակությանը, իսկ համալիր չափսերը նպաստում են արձանի մոնումենտալային ընկալմանը։

 

Հուշարձանի պատվանդանի փորագրությունն ընտրվել և օրհնվել է Համայն Ռուսիո երջանկահիշատակ Պատրիարք Ալեքսի Երկրորդի կողմից՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»:

 

Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ: