Բրեդ Փիթը 1.5 մլն դոլար է վճարել բրիտանացիներին՝ պատճառած անհանգստության համար (լուսանկարներ)
Ճանաչված հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը շնորհակալություն է հայտնել բրիտանական Օքսֆորդշիր բնակավայրի բնակիչներին իրենց տարածքում պատերազմական նոր ֆիլմի նկարահանումներին չխոչընդոտելու համար, ինչպես նաև ներողություն խնդրել նկարահանման ընթացքում պատճառած անհանգստության համար՝ նրանց վճարելով շատ խոշոր գումար։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Փիթն այստեղ 7 շաբաթ շարունակ նկարահանել է իր նոր Fury («Զայրույթ») ֆիլմը, որում գերակշռում են աղմկոտ պատերազմական տեսարանները։ Ակնհայտ է, որ դրանց նկարահանման ժամանակ Օքսֆորդշիրի խաղաղ առօրյան ընդհատվել է կրակոցների ձայներով ու զինվորների աղաղակներով։
Ուստի, իր «մեղքով» առաջացած անհանգստության համար տաղանդավոր դերասանը չի սահմանափակվել շնորհակալական բացիկով, այլ վճարել է բնակիչներին 1.5 մլն դոլար։
Ակնկալվում է, որ ֆիլմն էկրաններ կբարձրանա եկող տարվա նոյեմբերին։ Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1945թ.՝ նացիստական ռեժիմի տապալման ժամանակահատվածում։
















