Հարուկի Մուրակամիի նոր գիրքը տարվա բեսթսելեր է դարձել Ճապոնիայում

11:27 • 03.12.13

Ճապոնիայում այժմ ամենավաճառվող գիրքը հայտնի գրող Հարուկի Մուրակամիի նոր «Գունատ Ցուկուրու Տաձակին և նրա ճանապարհորդությունների տարիները» վեպն է։ Նոյեմբերի վերջի տվյալներով՝ վաճառվել է 985 հազ. օրինակ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Օրիկոն» տեղեկատվական ընկերությանը։

 

Մուրակամիի նոր վեպը վաճառքի է հանվել ապրիլի 12-ին և անմիջապես դարձել վաճառքների առաջատար։ Հրատարակչությունն արդեն մի քանի անգամ վերահրատարակել է լրացուցիչ տպաքանակներ։

 

Վեպի գլխավոր հերոսը Ցուկուրու Տաձակի անունով միայնակ մի տղամարդ է՝ իր անցյալով և մի միջադեպով, որը հուզել է նրան դեռահաս տարիքում։ Հենց այդ պատճառով էլ նա սկսում է ճանապարհորդել և տարբեր փորձությունների միջով անցնել։

 

64-ամյա Հարուկի Մուրակամին աշխարհում ամենահայտնի ժամանակակից հեղինակներից է, նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով։