Հայտնի գրողների տարօրինակ սովորույթները
Մի անգամ Ֆրանց Կաֆկային ասում են, որ պոետ Էռնստ Լեդերերը բանաստեղծություններ է գրում հատուկ բաց կապույտ թանաքով հատուկ թղթի վրա։ Կաֆկան բոլորովին չի զարմանում և իր ընկերոջ սովորությունը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր մոգ ունի իր արարողակարգը։ Հայդնը, օրինակ, երաժշտություն էր հորինում միայն սպիտակեցրած կեղծամով, ինչպես հանդիսավոր արարողությունների ժամանակ», գրում է lifehacker.ru-ն։
Դժվար է չհամաձայնվել։ Գրողները «տարօրինակ» են, համենայն դեպս՝ ենթադրելով նրանց սովորույթներից։ Սակայն, միգուցե, հենց այդ «տարօրինակություններն» են օգնել նրանց ստեղծագործել։
Վիրջինյա Վուլֆ
Անգլիացի գրող Վուլֆն ասում էր. «Յուրաքանչյուր կին, եթե նա պատրաստվում է գրել, պետք է ունենա միջոցներ և իր սենյակը»։ Նրա կրեատիվ միջոցներից էր գույնը։ Նա իր աշխատանքում օգտագործում էր գունավոր թանաք՝ կանաչ, կապույտ, կարմիր։ Բացի այդ, նա նախընտրում էր կանգնած գրել։

Ռոալդ Դալ
Անգլիացի գրող և հեքիաթագիր Ռոալդ Դալը սիրում էր աշխատել միայնության մեջ։ Այդ պատճառով էլ ոգեշնչման պահերին նա գնում էր իր տան բակում գտնվող փոքր խորդանոց, որն անվանում էր իր «բունը»։ Խրճիթում չկար սեղան. նա նախընտրում էր գրել մատիտով՝ հին դեղնավուն նոթատետրերը ծնկին դրած։ Նրա կողքին միշտ դրված է եղել շոկոլոդե կոնֆետների թղթերից պատրաստված գունդ, որը նա պատրաստել է մանկության տարիներին։ Խորհրդանշական է, որ Դալի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը նույնպես կապված է շոկոլադի հետ՝ «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան»։

Չարլզ Դիքենս
Կենդանության օրոք ամենահայտնի անգլալեզու գրողը բավականին տարօրինակ սովորություն ուներ. նա «տարված» էր դիահերձարաններով։ «Ինչ-որ անտեսանելի ուժ ինձ տանում է դիահերձարան»,- գրել է Դիքենսը։ Որ քաղաքում էլ նա լիներ, առաջինն այցելում էր դիահերձարաններ։ Այդ վայրերում գրողը կարող էր մնալ ժամերով՝ «հիանալով» դիակներով։ Այն զգացողությունը, որ նա ունենում էր այդ պահերին, անվանում էր «տհաճության ձգողականություն»։ Դիքենսի ևս մի տարօրինակություն էր տաք ջրի կում անելը յուրաքանչյուր 50 տող գրելուց հետո։

Անտոն Չեխով
Հայտնի ռուս գրողը շատ պահանջկոտ է եղել։ Օրինակ՝ նա շատ կոկիկ և մաքրասեր էր։ «Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի՝ և դեմքը, և հագուստը, և հոգին, և մտքերը»։ Նա մանրակրկիտ հետևում էր իր արտաքին տեսքին։ Չնայած ծանր հիվանդությանը՝ նա ոչ մի անգամ հյուրերին խալաթով չի դիմավորել։ Իր աշխատանքին նա նույնպես լուրջ էր վերաբերվում. Չեխովն աշխատում էր տոնական հագուստով։

Հենրի Միլեր
1932թ. այն ժամանակ սկանդալային ամերիկացի գրող Հենրի Միլերը ստեղծել էր իր պատվիրանները, որոնց թվում նման ձևակերպումներ կային՝ աշխատել մի ստեղծագործության վրա, քանի դեռ չես ավարտել այն, չես կարող ստեղծագործել, աշխատիր, գրելն առաջին տեղում է, մնացածը՝ հետո, սակայն պետք է մարդ մնալ. հանդիպել ընկերների հետ, այցելել տարբեր վայրեր, խմել։ Նրա սովորական օրը բաղկացած էր նրանից, որ գրողը ճաշից առաջ և հետո գրում էր, իսկ երեկոյան հանդիպում ընկերների հետ, երբեմն՝ նկարում։










