2014-ը Հոլիվուդի համար «բիբլիական» տարի է լինելու. Daily Mail

11:22 • 27.12.13

Գալիք 2014 թվականը Հոլիվուդի համար «բիբլիական» տարի է լինելու, որում աստվածաշնչյան կերպարները փոխարինելու են գալու սուպերհերոսներին, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այս տարի ամերիկացի կինոարտադրողները մեծ տեղ են հատկացրել բիբլիական թեմաներով ֆիլմերի նկարահանմանը։

 

Պարբերականը նշում է, որ եկող տարի Հոլիվուդը նոր ֆիլմեր կներկայացնի Մարիամ Աստվածածնի, Հիսուս Քրիստոսի, Նոյի, Մովսեսի, Աբելի ու Կայենի մասին։

 

Սուրբ Աստվածածնի մասին ֆիլմում գլխավոր դերը կկատարի 16-ամյա հրեա դերասանուհի Օդեյա Ռաշը։ Ֆիլմի ստեղծողները նշում են, որ այն պատմում է Մարիամի, Հովսեփի ու Հիսուսի կյանքի անհայտ հատվածների մասին։

 

Իսկ մարտին էկրաններ կբարձրանա Ռասել Քրոուի ու Էմմա Ուոթսոնի մասնակցությամբ «Նոյը», որը հագեցած է հատուկ էֆեկտներով։ Այս ֆիլմի ստեղծման համար ծախսվել է 1500 մլն դոլար։

 

Ճանաչված ռեժիսոր Ռիդլի Սքոթը նկարահանում է «Ելք» ֆիլմը, որը պատմում է հրեաներին Եգիպտոսից դուրս տանող Մովսեսի մասին, որին մարմնավորում է Քրիստիան Բեյլը։

 

Հոլիվուդում ֆիլմ է նկարահանվում նաև Քրիստոսի մասին. այն կոչվում է «Աստծո որդին», իսկ գլխավոր դերակատարը պորտուգալացի դերասան Դիոգո Մորգադոն է։ Իսկ դերասան Ուիլ Սմիթը պատրաստվում է Աբելի ու Կայենի պատմության վրա հիմնված ֆիլմ նկարահանել։