Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստվում է «Կարմենի» բեմադրությանը

16:11 • 27.12.13

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 2014թ-ի ընթացքում կլինի ակտիվ ու հանդես կգա նոր ներկայացմամբ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Նա ընդգծեց, որ թեև թատրոնի 80-ամյակն այս տարի էր, բայց իրենք տարվա ընթացքում տեխնիկապես զինվել են ու պատրաստվել նոր ներկայացման:


«Ես կարծում եմ, որ ուղղակի մի երեկո անել, գումարներ ծախսել ու ասել, որ նշեցինք թատրոնի 80-ամյակը, ընդունելի չէ: Հոբելյանական համերգները սոցռեալիզմի մեջ են, հոբելյանը պետք է նշել նոր բեմադրությամբ, ներկայացմամբ: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Նոր ներկայացումը, որ տեսնեք, կհասկանաք, որ այն շատ կարևոր էր»,- ասաց նա:


Իսկ նոր ներկայացումը կլինի «Կարմենի» բեմադրությունը, որի յուրաքանչյուր դերի համար նախապատրաստվում է 3-4 դերասան։ Պրեմիերային ելույթ կունենան լավագույնները:


«Կարծում եմ, որ գարնանն արդեն ներկայացումը պատրաստ կլինի: Մենք մյուս տարի ակտիվ կլինենք ու շաբաթական 3-4 անգամ ներկայացումներ կունենանք: Պետք է փորձենք վերականգնել մանկական օպերաները ու կրթել երեխաներին»,- ասաց նա: