Ջուլյա Ռոբերթսը նշել է, որ իր անձնական կյանքը չի վստահում սոցցանցերին
Հոլիվուդյան դերասանուհի Ջուլյա Ռոբերթսը փորձում է պաշտպանել իրեն և իր ընտանիքը հանրության չափազանց մեծ ուշադրությունից. այդ մասին դերասանուհին ասել է USA Today պարբերականին տված հարցազրույցում, գրում է ИТАР-ТАСС-ը։
Ինչպես նշում է պարբերականը, «աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը հիանալի գիտի, թե ինչպես թաքնվել ավելորդ հայացքներից, անկախ նրանից, թե ամուսնու և երեխաների հետ որ տանն է ապրում՝ Կալիֆոռնիայում, Նյու Մեխիկոյում, թե Նյու Յորքում»։
«Մենք փորձում ենք պաշտպանել մեր երեխաներին։ Մենք պարզապես ցանկանում ենք ունենալ մեր ընտանեկան կյանքը և պաշտպանել այն արտաքին ներխուժումներից»,- խոստովանել է դերասանուհին։
Նա մեծ հաջողություն է համարում, որ նման հայտնիություն է ձեռք բերել մինչ «համացանցի դարաշրջանը», և այժմ պարտավոր չէ գովազդել իր յուրաքանչյուր քայլը սոցկայքերում։
«Դա հայտնիների տարօրինակ մշակույթն է, որը հայտնվել է համացանցի դարում. ես չափազանց ծեր եմ նման աղմուկի համար»,- խոստովանել է 46-ամյա դերասանուհին։










