Կոնան Դոյլի ժառանգները զրկվել են Շերլոք Հոլմսի իրավունքներից
Ամերիկացի գրողներն ու կինոգործիչներն այսուհետ առանց որևէ արտոնագրային վճարումների կկարողանան իրենց ստեղծագործություններում օգտագործել հանրահայտ հետախույզ Շերլոք Հոլմսի ու նրա օգնական դոկտոր Վաթսոնի կերպարները, որոնց հեղինակն է բրիտանացի գրող Արթուր Կոնան Դոյլը։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, այսպիսի վճիռ է կայացրել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի դատարանը։ Ավելի վաղ ՝ փետրվարին, ամերիկյան դատարան հայց է ներկայացրել գրող ու փաստաբան Լեսլի Քլինգերը, քանի որ Կոնան Դոյլի ժառանգության հիմնադրամը սպառնացել է արգելել Միացյալ Նահանգների ողջ տարածքում Շերլոք Հոլմսի մասին նրա հեղինակած գրքի վաճառքը, եթե դրա դիմաց Քլինգերը հիմնադրամին արտոնագրային վճարումներ չանի։
Սակայն բրիտանական օրենքի համաձայն՝ Կոնան Դոյլի մահից 50 տարի անց (1980թ.) նրա ստեղծագործությունները դարձել են հանրության սեփականությունը։ Իսկ հեղինակային իրավունքի ամերիկյան օրենքի համաձայն՝ մինչ 1923թ. հունվարի 1-ը հրապարակված ցանկացած ստեղծագործություն հանդիսանում է հանրության սեփականությունը։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ դատավոր Ռուբեն Կաստիլյոն վճռել է, որ հիմնադրամի պահանջներն անհիմն են, ուստի Քլինգերն ու մյուս գրողները կարող են օգտագործել Հոլմսի ու Վաթսոնի կերպարները՝ առանց արտոնագրային վճարումներ կատարելու։
Արթուր Կոնան Դոյլը վախճանվել է 1930թ.։ Ընդհանուր առմամբ նա գրել է 56 պատմվածք ու 4 վիպակ Շերլոք Հոլմսի ու դոկտոր Վաթսոնի մասին։ Նրա գրքերը հրատարակվել են ամբողջ աշխարհում ու հիմք են հանդիսացել բազմաթիվ ֆիլմերի ու հեռուստասերիալների համար։










