Մոսկվայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Pussy Riot-ի մասին ֆիլմի ցուցադրությունը
Մոսկովյան «Գոգոլ» կենտրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Սերեբրեննիկովը հայտարարել է, որ Մոսկվայի իշխանություններն արգելել են այդ թատրոնում իրականացնել «Pussy Riot: A Punk Prayer» բրիտանական վավերագրական ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան, այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռեժիսորներ Մաքսիմ Պոզդորովկինի և Մայկ Լերների ֆիլմը ստացել է անկախ կինոյի ամերիկյան «Սանդենս» փառատոնում ժյուրիի հատուկ մրցանակ և ընդգրկվել «Օսկար» մրցանակաբաշխության համար ընտրված ֆիլմերի սկզբնական ցուցակում։
Ֆիլմում մանրամասն պատմվում խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոնիկովայի, Մարիա Ալյոխինայի և Եկատերինա Սամուցևիչի՝ 2012 թվականի մարտից մինչև օգոստոս տևած դատավարության մասին:
«Գոգոլ» կենտրոնում ֆիլմի ցուցադրությունը պետք է կայանար կիրակի օրը՝ դեկտեմբերի 29-ին «Գոգոլ+թեմա» քննարկման ակումբի սահմաններում: Ֆիլմի ցուցադրությանը պետք է հաջորդեր քննարկում օրեր առաջ համաներմամբ ազատ արձակված Ալյոխինայի և Տոլոկոնիկովայի հետ:
Այնուամենայնիվ, շաբաթ օրը երեկոյան Կիրիլ Սերեբրեննիկովը իր Facebook-ի էջում է տեղադրել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կապկովի ստորագրությամբ նամակի կրկնօրինակը, որտեղ նա պահանջում է չեղյալ հայտարարել Pussy Riot-ի մասին ֆիլմի ցուցադրությունը:










