Գազմանովի «Պատրաստված է ԽՍՀՄ-ում» երգն անհարգալից վերաբերմունք է երկրի պատմության հանդեպ. Լիտվայի ԱԳՆ
Լիտվայի ԱԳՆ-ն իր զարմանքն է հայտնել Վիլնյուսում կայացած համերգի ընթացքում ռուս երգիչ Օլեգ Գազմանովի՝ «Պատրաստված է ԽՍՀՄ-ում» երգի կատարման վերաբերյալ և այն գնահատել որպես թշնամանք առաջացնող և հանրապետության պատմության հանդեպ անհարգալից վերաբերմունք, գրում է РИА Новости-ն։
Delfi պորտալի տեղեկություններով՝ Վիլնյուսում համերգի ընթացքում մի քանի հանդիսատես դահլիճից բղավել է, որ ցանկանում է լսել այդ երգը։ Երգիչն ի սկզբանե չի նախատեսել կատարել երգը, սակայն, այնուամենայնիվ, հարցրել է դահլիճի կարծիքը, ինչին ի պատասխան բազմաթիվ ձեռքեր են վեր բարձրացվել։ Գազմանովը խնդրել է լուսանկարել հանդիսատեսին, այնուհետ կատարել է երգը։
«Արտաքին գործերի նախարարությունը զարմացած է կատարումով, որը հնչել է դեկտեմբերի 29-ին Օլեգ Գազմանովի համերգի ժամանակ։ Դրանում գիտակցաբար թշնամանք է քարոզվում և անհարգալից վերաբերմունք արտահայտվում Լիտվայի պատմության հանդեպ։ Միջազգային իրավունքի խախտումը, պետությունների շրջափակումը և մարդկանց կոտրված սրտերը չեն կարող արդարացվել ոչ մի միջազգային կարգախոսներով»,- ասվում է նախարարության մեկնաբանության մեջ։
Լիտվայի խորհրդային շրջանի պատմությունը հանրապետությունում անվանում են «շրջափակում»։ Երկրում պաշտոնապես արգելված են նաև խորհրդային խորհրդանիշները։










