Ազգագրագետն ու խոհարարը՝ ամանորյա հին ծիսական արարողակարգերի մասին

14:00 • 01.01.14

Հունվարի 1-ին տարին սկսելու և նոր տարվա սկիզբը նշելու սովորույթը հայոց մեջ ընդհանրացել է համեմատաբար ոչ վաղ անցյալում՝ արևմտահայոց շրջանում, Կիլիկիայի տարածքի հայերի մեջ: Մասամբ` արևելահայ որոշ ազգագավառներում, այն սկսել են նշել 19-րդ դարում՝ ունենալով հստակ արարողակարգ: «Հայ ժողովրդական տոները» աշխատության մեջ այս մասին ներկայացնում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ հիշեցնելով, որ մինչև 20-րդ հարյուրամյակի սկիզբը արևելահայ որոշ շրջաններում Նոր տարուն զուգահեռ, ավելի խանդավառ ու ջերմորեն նշում էին Նավասարդը` որպես Նոր տարի։

 

Հրանուշ Խառատյանն իր աշխատությունում նշում է տոնի անունները, որոնք տարբեր էին՝ Ամանոր, Տարեմուտ, Տարին Գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար: Նոր տարուն նախորդող գիշերն էլ հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ կամ Կաղ, Գոտեկախ անուններով, իսկ համշենահայերի մոտ` Ծաղկեմուտ:

 

Տոնի սովորույթները նա ներկայացնում է հերթականությամբ՝ նախ տարին պետք է սկսվեր մաքրությամբ՝ թե տան ու բնակավայրի, թե մարդու մարմնի ու հոգու։ Այնուհետև կարևորվում էին ծիսական ուտեստները, ծիսական այցելությունները, գուշակությունները և հաջողությունն ապահովելուն միտված և չարը կանխարգելող հմայական խոսքերը, ծիսական մաղթանքները:

 

Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ սովորույթներից մի քանիսին։ «Նախ տոնի գիշերը սովորություն կար. մինչև 10 տարեկան երեխաները ամանորյա բարեմաղթանքներով շրջում էին տնետուն, իսկ տանտիրուհին նրանց նվերներ էր տալիս, որոնք սովորաբար սննդամթերքի տեսքով էին լինում՝ քաղցրավենիք, մրգեր, չիր և այլն։ Բացի այդ «գոտիկախի» սովորություն կար. տղաները բարձրանում էին տան տանիքին, երդիկից գոտի էին կախում, իսկ տանտիրուհիներն այդ գոտուց կապում էին կապոց, որի մեջ կրկին մրգեր, քաղցրավենիք էր լինում, երեխաներն էլ իրենց հերթին բարեմաղթանքեր էին ասում գալիք տարվան»,-ասաց նա։

 

Բախտագուշակություների մասով ազգագրագետը հատկապես ընդգծեց տարեհացի թխման արարողությունը։ «Տարեհացը մեծ կլոր հաց էր, որը կամ սովորական հացի խմոր էր, կամ ծիսական գաթա էր։ Խմորի մեջ նշան էին դնում, որը կարող էր լինել մատանի, ականջօղ, կոպեկ, և ում բաժնի միջից դուրս գար նշանը, այդ տարի նրա բախտը կբացվեր, եթե ամուսնացած չէր՝ կամուսնանար, կամ եթե դուրս գար պանդխտության գնացածի բաժնից, նա բարեհաջող կվերադառնար, այսպիսի գուշակություններ էին անում։ Կամ էլ թոնրի մեջ թխում էին կնոջ և տղամարդու պատկերով խմորիկներ, հստակ տարբերվող կնոջ կամ տղամարդու ատրիբուտներով և եթե կնոջ որովայնի մասն էր թխվելու ժամանակ ուռչում, նշանակում էր, տան հարսը կհղիանար, որին կարևորություն էին տալիս։ Նման պարզունակ գուշակություններ էին, որոնք արդեն 20-րդ դարի սկզբին կամաց-կամաց մոռացության տրվեցին»,-ասաց նա՝ նշելով, որ այսօր դրանք պահպանվել են հեռավոր գյուղերում՝ Լոռվա շրջանի Տավուշի մարզի որոշ գյուղերում։

 

«Թերևս բախտագուշակության հարցով միայն տարեհացն է որոշակի չափով պահպանվել, և տանտիրուհիները գուցե ավելի ճոխ թխվածքի մեջ, բայց դնում են ինչ-որ նշան, ինչը ավելի շատ շոու է հիշեցնում, քան որևէ ավանդական ծիսակատարություն»,-ասաց նա։

 

Անդրադառնալով սեղանի պատրաստությանը՝ Արմենուհի Ստեփանյանը նշեց, թե ավանդական սեղան պատրաստելու ճոխությունը հայոց մեջ Նոր տարուն չի եղել։ «Որովհետև Նոր տարին նախորդել է Քրիստոսի ծննդյան հինգօրյա պասին։ Պասի շրջանում, գիտենք, որ որևէ կենդանական ծագում ունեցող մթերք չեն ուտում՝ միս, կաթնամթերք, հետևաբար շատ սիմվոլիկ է եղել սեղանը, իսկ այն ճոխությունը, որին մենք հիմա ենք տրվում, եղել է ուղղակի Հիսուսի ծննդյան օրը՝ հունվարի 6-ին։ Նրանք այդ օրն են պատրաստվել այնպես, ինչպես մենք 31-ին ենք պատրաստվել, այնպես որ մսամթեքրի առատությամբ սեղանները եղել են հունվարի 6-ին»,-ասաց նա։

 

Նման փոփոխությունը ազգագրագետը պայմանավորեց սովետական կարգերի օրոք եկեղեցական ծիսակարգերի արգելքով: «Քանի որ սովետական իշխանության տարիներին արգելված էին եկեղցական ծեսերը, կրոնական հավատը, հունվարի վեցը որպես քրիստոնեական տոն արդեն չէր նշվում, և դա ողջ ծանրաբեռնվածությամբ տեղափոխվեց հունվարի մեկ։ Ավանդական սեղանից վերջին մոհիկանը, որ պաս է հիշեցնում, պասուց տոլման է, իսկ մնացած բոլոր կերակրատեսակներն արդեն պասից դուրս գալու շրջանի կերակրատեսակներ են»,-ասաց նա։

 

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ի տարբերություն ամանորյա այսօրվա սեղանի՝ հայերը հնում Նոր տարուն սեղանին դնում էին ամանորյա ծիսական ուտեստներ. «Մեր բոլոր տոները, լինի ժողովրդական, թե եկեղեցական, ունեն իրենց հստակ սննդակարգը։ Նոր տարվա առանցքային ճաշը քաշիկան է, որը հարիսայի տարատեսակն է, ուղղակի տարբերությունն այն է, որ չի խառնվում, չի հարվում, որ գալիք տարին չլինի խառնակ, պատերազմ չլինի: Այն պատրաստում էին տղամարդիկ, քանի որ կնոջ ձեռքը համարում էին խառնակիչ»,-ասաց նա և նշեց, որ ամենակարևոր ուտեստներից էին նաև տարեհացը, մարդակերպ ու կենդանակերպ գաթաները, անուշապուրները, տոլման։

 

Ըստ նրա՝ քանի որ հին Նոր տարին նշվել է մարտի 21-ին, ավելի ճոխ սեղաններ են դրվել այդ ժամանակ, իսկ արդեն 20-րդ դարից, երբ սկսել են նշել հունվարին, պաս են պահել և նույն ճոխ սեղանները դրել են արդեն Հիսուսի ծննդյան օրը։