Սիլվա Հակոբյանը Ձմեռ պապից խնդրած նվերը գաղտնի է պահում
Երգչուհի Սիլվա Հակոբյանն այս տարի Ձմեռ պապից խնդրել է մի այնպիսի բան, որը գաղտնի է պահում բոլորից: Այդ մասին նա չասաց նաև Tert.am-ի հետ զրույցում, բայց խոստացավ, որ եթե տարվա ընթացքում այն կատարվի, անպայման կբարձրաձայնի:
Այս տարի երգչուհին Ամանորը դիմավորել է հայրենիքում, բայց ոչ տանը:
«Ամեն տարի այդ օրը ես աշխատանքի մեջ եմ լինում: Պարզապես եթե սովորաբար գրեթե միշտ երկրից դուրս եմ լինում, այս անգամ երկրի սահմանների ներսում կլինեմ: Միշտ եռանդով ու բարձր տրամադրությամբ եմ դիմավորում նոր տարին»,-ասաց նա:
Հարցին, թե էլ որ երկրներում է դիմավորել Ամանորը, և ի՞նչ տարբերություն, նա պատասխանեց. «Չեմ կարող թվարկել երկրների անունները, որովհետև դրանք շատ են ու բաց կթողնեմ անուններ, բայց տարբերությունն այդքան էլ մեծ չէ: Բոլոր տեղերում էլ հայերը հայավարի, ուրախ տրամադրությամբ դիմավորում են Ամանորը և կապ չունի, թե իրենք որտեղ են՝ տանը, ռեստորանում, թե ուրիշ որտեղ»:
Սիլվա Հակոբյանը պատմեց նաև, որ Ամանորին սիրում է տոնածառ զարդարել, որը հիմնականում հենց իր գործն է, ինչպես նաև ողջ բնակարանը զարդարելը:
«Եթե ժամանակ ունենում եմ, նաև խոհանոցում եմ լինում: Հիմնականում աղցանների գործն է իմը, բայց պատահում է, որ նաև մայրիկիս հետ տոլմա եմ փաթաթում: Ինչով կարողանում եմ՝ օգտակար եմ լինում: Հիմնականում զբաղվում եմ նաև սեղանի ու ուտեստների ձևավորմամբ»,-ասաց նա:
Սիլվա Հակոբյանը մաղթեց թե՛ իր հայրենակիցներին, թե՛ երկրպագուներին որպեսզի 2014-ը լինի ամենաբարեբեր տարիներից մեկը:










