2013 թվականի ձեռքբերումներն ու բացթողումներն՝ ըստ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի

19:35 • 04.01.14

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով 2013 թվականը, ասաց, որ տարին լի է եղել նշանակալի թատերական իրադարձություններով ու ձեռքբերումներով:

 


«Հայաստանի թատերական գործիչների միության ակտիվ գործունեության շնորհիվ որոշում կայացվեց 2014թ-ին Հայաստանում անցկացնել Թատրոնի միջազգային ինստիտուտի (UNESCO) համաշխարհային կոնգրեսը, իսկ դա աննախադեպ իրադարձություն է: Եվ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կոնգրեսը բավական լուրջ ներդրում ունենա հայ թատրոնի միջազգային կապերի զարգացման գործում»,- ասաց Հ. Ղազանչյանը` ավելացնելով, որ 2014թ. նոյեմբեր ամսին կայացող կոնգրեսին Հայաստան կժամանի մոտավորապես 300 պատվիրակ 100 երկրից:

 


Խոսելով 2014թ-ի ձեռքբերումների մասին` ԹԳՄ նախագահն առանձնացրեց մարտ ամսին Հայաստանում անցկացվելիք` Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենների նիստը, որին, ըստ նրա, կմասնակցեն 12 միջազգային շեքսպիրյան փառատոների տնօրեններ: Այդ օրերին կանցկացվի նաև Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան հերթական միջազգային թատերական փառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն հայկական շեքսպիրյան լավագույն ներկայացումները:

 


«Մենք բավական մեծ նշանակություն ենք տալիս երկու միջազգային փառատոներին, որոնք, կարծում եմ, այս տարի կայացան շատ բարձր մակարդակով: Խոսքը Շեքսպիրյան և «Արմմոնո» փառատոների մասին է: Բարձր նշաձող ուներ այս տարի նաև Երիտասարդ ռեժիսուրայի հանրապետական փառատոնը: Ներկայացումներ կային, որոնք ուղղակի զարմացրին Մոսկվայից ժամանած փորձագետներին, ինչն ուրախալի էր: Փորձագետների խումբը ղեկավարում էր ՌԴ ժողովրդական արտիստ Վիկտոր Ռիժակովը»,-ընդգծեց Հակոբ Ղազանչյանը` ավելացնելով, որ նրանց այցի նպատակն է եղել Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի կազմակերպած ԱՊՀ և Մերձբալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական ֆորումին մասնակցության համար ներկայացում ընտրելը:

 


Ի դեպ` այդ ծրագրի շրջանակում նախատեսված փառատոնը կայանալու է 2014 կամ 2015 թվականին՝ Մինսկում: Ֆորումին մասնակցելու են նաև երիտասարդ դրամատուրգներ, բեմանկարիչներ և թատերագետներ:
Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ տարվա գլխավոր թատերական իրադարձություններից է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անց է կացվում մարտի 27-ին`Թատրոնի միջազգային օրը:

 


«Այդ օրը մենք իմի ենք բերում նախորդ տարվա կատարած աշխատանքները»,- նկատեց Հակոբ Ղազանչյանը:
ՀԹԳՄ նախագահն անդրադարձավ նաև մարզային թատրոնների հետ կապված աշխատանքներին:

«Կարևոր իրադարձություն էր երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանին գեղարվեստական ղեկավար նշանակելը՝ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնում: Նա բավական հետաքրքիր է աշխատում: Կարևոր էր նաև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի հետ տարվող աշխատանքները: Մեր ակտիվ միջամտությամբ վերանշանակվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը` Արմեն Բայանդուրյանը»,- ասաց Հ. Ղազանչյանը` հավելելով, որ ՀԹԳՄ-ն ՀՀ Կառավարության հանձնարարությամբ իր վրա է վերցրել Հայաստանի կողմից Թբիլիսիի հայկական թատրոնին տրամադրվող ֆինանսական օգնության վերահսկումը:

 


Հ. Ղազանչյանի հավաստմամբ՝ Թբիլիսիի թատրոնի շենքը վերջապես կապիտալ վերանորոգման կենթարկվի. «ՀԹԳՄ համագումարը նամակ ուղարկեց Բիձինա Իվանիշվիլու հիմնադրամին` կապված Թատրոնի շենքի վերանորոգման խնդրի հետ, և հիմնադրամն արդեն իսկ շենքի վերանորոգման հարցերով զբաղվելու պատրաստակամություն է հայտնել: Կարծում եմ` պետական միջամտությունը շատ կարևոր է: Կասկած չունեմ, որ եկող տարի այդ հարցը որոշակի առաջխաղացում կունենա: Ուզում եմ հավատալ, որ նման ընթացքի կարժանանա նաև Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը. գործընթացն սկսված է»,- նշեց Հակոբ Ղազանչյանը:

 


ՀԹՀՄ նախագահը բացթողում համարեց այն, որ Կապանի թատրոնում մինչ օրս չի նշանակվել գեղարվեստական ղեկավար: «Կարծում եմ, որ պետք է թեկնածու առաջադրենք` համաձայնեցնելով թատրոնի հետ»,- եզրափակեց Ղազանչյանը: