Այս ցուրտ պայմաններում միայն կրկեսում է շինարարություն գնում. Սոս Պետրոսյան
Երևանի կրկեսի նոր շենքի կառուցումը ընթանում է ծրագրի համաձայն, սակայն եթե այն ավարտին չհասցվի հայ անվանի ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին, ապա նրա հոբելյանը կնշվի ավելի ուշ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Նա ընդգծեց, որ ամեն դեպքում իրենք պատրաստվում են հոբելյանական մեծ համերգի:
«Հիմա` այս ցրտի պայմաններում, շինարարությունը միայն կրկեսում է շարունակվում: Ամբողջ հիմքը դրվել է, որը ամենադժվար բանն էր: Կրկեսի տակը ջուր էր, միայն 6-8 ամիս չարչարվում էին ջրահեռացման աշխատանքների վրա, հիմա մետաղաբետոնային աշխատանքները հասցնում են ավարտին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է շենքի բացակայության պայմաններում կրկեսի ստեղծագործական խմբի աշխատանքներին, ապա Սոս Պետրոսյանը վստահեցրեց, որ այս տարիների ընթացքում իրենք աշխատանքները չեն դադարեցրել:
«Կրկեսին մոտ տարածք ենք վարձել ու Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիայի աշխատանքները, ինչպես նաև պրոֆեսիոնալ բոլոր դերասանների մարզումները տեղի են ունենում այդտեղ: Նախորդ տարվա ընթացքում եղել ենք մի շարք մարզերում՝ Լոռիում, Շիրակում, Գեղարքունիքում: Եղանք Ղարաբաղում մոտ երկու ամիս առաջ, ելույթ ունեցանք ամենահեռավոր գյուղերում, որտեղ չգիտեին, թե ինչ է ընդհանրապես կրկեսը»,- ասաց նա:
Սոս Պետրոսյանն ընդգծեց, որ մարզերի ու Ղարաբաղի բազմաթիվ երեխաներ ցուցակագրվել են մարտից կրկեսի ստուդիայում կրկեսային արվեստ սովորելու համար:
«Դպրոցն անվճար է, մենք երեխայից մեկ լումա չենք վերցնի: Մենք հիմա աշխատանքներ ենք տանում, որ լուծենք այդ երեխաների սննդի և ճանապարհի ծախսերը, քանի որ կրկեսային արվեստը դժվար է, հիմնականում սոցիալապես ցածր խավից են գալիս մեզ մոտ: Մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի անվճար»,- ասաց նա:










