Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզի, ձեզի մեծ ավետիս. Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծնունդը
Հայ առաքելական եկեղեցին այսօր` հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Ամեն տարի այս օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ պատարագ:
Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով տոնի խորհրդից, նշեց, որ Սուրբ Ծնունդը քրիստոնեության մեջ ամենակարևոր տոներից է, որովհետև Աստված ինքը եկավ ու մարդ եղավ՝մարդու կերպարանքով ծնվելով կույսից։
«Սուրբ Ծննդյան խորհուրդն իր մեջ պարունակում է փրկագործությունը։ Աստված մարմին առավ, ծնունդ առավ այնպես, ինչպես իր ուխտում դա սահմանված էր՝ էմանուել, այսինքն՝ Աստված մեզ հետ է, և ծնեց որդի՝ մարդու կերպարանքով։ Քրիստոս դարձավ և´ մարդ, և´ Աստված միաժամանակ»,-ասաց քահանան։
Ըստ նրա՝ Հիսուսի Ծննդյան խորհուրդն սկիզբն է ստեղծագործության, քանի որ մինչ այդ՝ առանց Աստծո մարմնավորման, ժառանգութան, որ ինքը տվեց մարդկությանը, մարդը փրկագործությունից հեռու էր և չէր կարողանում փրկել ինքն իրեն։
«Ամբողջ ուխտն Աստծո խոսքն էր մարգարեների հետ, արդարների հետ, պատվիրաներն էին, և ինքը մնաց ստվերում, իր կամքով նոր լույսով մարմին առավ և տրվեց մեզ։ Խորհուրդն է նոր մարդու ծննուդը, որը հնավարութուն ունի ժառանգելու հավիտենական կյանք»,-ասաց նա։
Տեր Բաբկենը նշեց, որ Քրիստոսի ծնունդը յուրաքանչյուր քրիստոնյայի համար ամենաուրախալի լուրն է. «Այդ օրը մենք միմյանց ողջունում ենք Քրիստոսի ծննդյան գեղեցիկ ավետիսով և ասում` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» և պատասխանում` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:
Հիսուսի ծնունդը եղել է Օգոստոս կայսեր օրոք, երբ նրա հրամանով կայսրությունում մարդահամար էր անցկացվում: Յուրաքանչյուր ոք պետք է գնար իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սբ. Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ է գալիս: Երբ Ս.Կույսի հղիության օրերը լրանում են, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չի գտնվում, նրանք ստիպված մի քարայրի մեջ են տեղավորվում, որտեղ էլ ծնվում է Հիսուսը:
«Աստծո որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, որը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի ծննդյան մասին` երգելով. «Փառք ի բարձունս Աստուծոյ, և յերկիր խաղաղութիուն, ի մարդիկ` հաճություն»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից մոգեր եկան, որոնց մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, նրան ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները»,-ներկայացնում է Qahana.am-ը:










