Դասական երաժշտությունը պետք է մի քիչ անհասանելի լինի. Սերգեյ Սմբատյան

10:46 • 07.01.14

Լուսանկարը` marineamiryan.blogspot.com-ի


Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին չի անհանգստացնում ռաբիսի այսքան մեծ չափաբաժինը, դեռ ավելին՝ ինքը դասական երաժշտության քարոզչության պակաս չի էլ զգում և համարում է, որ այն պետք մի քիչ էլ անհասանելի լինի զանգվածներին։


«Ես դրա պակասը չեմ զգում, քանի որ չեմ կարծում, որ դասականն այնքան պետք է լինի, որ արժեզրկվի։ Դասականը պետք է լինի շատ ավելի նեյտրալ և լսեն շատ ավելի հասկացող մարդիկ, ովքեր ունակ են գնահատելու դասական երժշտությունը, քանի որ դա շատ բարդ է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։


«Հավատացեք, որ դասական երաժշտությունը նույնիսկ պետք է մի քիչ անհասանելի լինի այն մարդկանց համար, որոնց չէի ասի ինտելեկտուալ պաշարը, այլ ուղղակի էմոցիոնալ պաշարը և իրենց մտածելակերպը չի համապատասխանում դրան։ Ավելին, ես համամիտ չեմ այն տեսակետների հետ, որ դասական երաժշտությունն անտեսված է, այսօր դասական երաժշտությունն ավելի պոպուլյար է, քան 4-5 տարի առաջ էր»,-ավելացրեց նա։


Սերգեյ Սմբատյանը ոչ միայն չի թաքցնում իր նվագախմբի հաջողությունը, այլև հպարտանում է դրանով: «Այսօր ես խոսում եմ ամենամեծ հաջողություն ունեցող նվագախմբերից մեկի անունից, մեր նվագախումբը թերևս միակ նվագախումբն է, որ տարին 2-3 անգամ արտերկրից հրավեքներ է ստանում, նվագախումբն անում է տարբեր ֆորմատներով համերգներ և հաջողակ է շատ։ Պետք է լինել մի քիչ հաջողակ և կարողանալ ճիշտ մատուցել»,- ասաց նա:


Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն առաջարկում է ավելի լավատես լինել և նկատել այն դրականը, որ կա Հայաստանում, դասական երաժշտության բնագավառում։


«Այսօր Հայաստանում կա հետաքրքրություն, կան կոլեկտիվներ, որոնք ունեն պետական հովանավորչություն, նման բան չկա այլ երկներում, դա շատ լավ է, պետք է կարողանանք գնահատել։ Իհարկե, պետք է ավելի շատ պրոպագանդվի, բայց կամաց-կամաց պետք է այդ ոգևորությունը մարդկանց մոտ արթացնել, ինչն արդեն նկատելի է»,- ասաց նա և բերեց սեփական նվագախմբի հաջողության օրինակը՝ հատկապես Hollywood Non-Stop համերգային ծրագրից հետո։


«2013թ-ին մենք արեցինք Hollywood Non-Stop համերգային ծրագիրը, որից հետո մենք ունենք Հայաստանում 1200 երիտասարդ, որոնք գալիս են մեր համերգներին, պատկերցնո՞ւմ ենք, դա ինչ մեծ զանգված է։ Այսինքն՝ նրանք անդամագրվել են մեր նվագախմբին, և մենք առաջին նվագախումբն ենք, որին կարող են անդամագրվել և լինել նվագախմբի ունկնդիրը կամ ընկերը»,- նշեց նա։


Երաժշտի տոնական մաղթանքն է՝ լինել լավատես և չտեսնել ամեն ինչ գորշ գույներով։ «Անձից է կախված՝ ինչ գույներով կտեսնի։ Մենք ունենք ձևավորված կարծիք, թե ամեն ինչ վատ է, բայց եթե վերլուծեք, կտեսնեք, որ ավելի շատ խոսում ենք վատի մասին, քան այն կա իրականում, ես ասում եմ` արեք լավը և տեսեք, ինչ արդյունք կլինի»,- նշեց նա:


Սերգեյ Սմբատյանի համար զարմանալի է հայերից շատերի նախընտրությունը՝ Նոր տարին դիմավորել ռեստորաններում՝ «բարձր երաժշտության և ոգևորիչ մթնոլորտի» ներքո։


Երաժիշտն ասաց, որ նախըտրում է ամանորյա և Սուրբ ծննդյան տոներն անցակացնել ընտանիքում։ «Հայաստանում շատ քիչ է եղել, որ Նոր տարի դիմավորեմ, բայց ինձ համար մանկուց ձևավորվել է, որ դա շատ ինտիմ տոն է, և ես չեմ պատկերցնում, թե մարդիկ ինչպես են նախընտրում ռեստորնները ու այդպես բարձր երաժշտության և ոգևորիչ մթնոլորտի ներքո քեֆ անելով դիմավորում Նոր տարին»,- ասաց նա։
 

«Ինձ համար տարեսկզբյան տոները մի էտապ է կյանքում, երբ դու փորձում ես մոռանալ անցյալ տրվա դժվարությունները և նոր փուլ մտնում՝ ամենալավին սպասելով։ Դրա համար ինձ համար նոր տարին շատ ինտիմ, ընտանեկան տոն է, որը երբեք կարծում եմ ինձ մոտ չի ձևափոխվի»,- վստահեցրեց Սերգեյ Սմբատյանը: