Բեթհովենի երաժշտական գրառումներով թուղթն աճուրդում կարող է վաճառվել 200.000 դոլարով

17:22 • 08.01.14

Գերմանացի հանրահայտ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի նոթատետրից գրեթե 200 տարվա վաղեմության երաժշտական նոտաների էջն ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգում կազմակերպվելիք աճուրդի լոտ կդառնա, գրում է dw.de-ն: Ինչպես երեքշաբթի՝ հունվարի 7-ին, հաղորդել է dpa լրատվական գործակալությունը, մասնագետները դրա արժեքը գնահատում են ավելի քան 200 հազար դոլար:

 

Խոսքը նոթատետրի էջի մասին է, որտեղ Բեթհովենը մոտ 1820 թվականին գրառել է իր երաժշտական ստեղծագործությունը: Կոմպոզիտորը թղթի վրա գրել է հետագայում հայտնի դարձած «Missa solemnis»-ի սևագիր տարբերակը: Ավելի ուշ նա պոկել է էջը և միշտ պահել իր մոտ՝ պարբերաբար սևագրի մեջ մատիտով նշումներ և հավելումներ անելով:

 

1996 թվականին թուղթը հայտնաբերվել է արխիվում, որը ժամանակին պատկանել է գերմանացի գրող և երաժիշտ Անտոն Շինդլերին, ով Բեթհովենի կենսագիրն ու մոտ ընկերն է եղել և չի լքել կոմպոզիտորին մինչև մահ:

 

Նոտաներով թուղթը նույն տարում Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 110 հազար դոլարով:

 

Ներկայում դրա սեփականատերը մի հավաքորդ է, որն ապրում է եվրոպական երկրներից մեկում: Բեթհովենի նոտաների թուղթն աճուրդի կհանվի հունվարի 15-ին: