Հիչքոքի՝ Հոլոքոստի մասին ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի 2015-ին

15:40 • 08.01.14

Հոլոքոստի մասին վավերագրական ֆիլմը, որի աշխատանքներին մասնակցել է «սարսափների վարպետ» Ալֆրեդ Հիչքոքը, բրիտանացի հեռուստադիտողներին առաջին անգամ կցուցադրեն հաջորդ տարի, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Independent պարբերականը։

 

Ֆիլմի պատրաստման աշխատանքներին Հիչքոքը մասնակցել է պրոդյուսեր Սիդնի Բերնսթայնի հետ համատեղ։

Ֆիլմում օգտագործվել են բրիտանացի և խորհրդային զինվորականների՝ նացիստական ճամբարներում արված նկարահանումները։ Սակայն աշխատանքները երկար են տևել, և այն ժամանակ, երբ ֆիլմը պատրաստ է եղել, Միացյալ ռազմական կառավարությունը Բեռլինում որոշել է, որ այն ավելի շատ վնաս կտա, քան օգուտ։ Ֆիլմն այդպես էլ չի ցուցադրվել։

 

Վեց օրիգինալ ժապավեններից 5-ը փոխանցվել է Լոնդոնի Կայսերական ռազմական թանգարան, որտեղ էլ 1980-ական թթ. սկզբին հայտնաբերել է ամերիկացի մի հետազոտող։

 

Վեցերորդ ժապավենը գտնվել է, ֆիլմը՝ վերականգնվել և մշակվել։ Հիչքոքի ֆիլմի ամբողջական տարբերակում անվանումը կփոփոխվի։

Հաղորդվում է նաև, որ ֆիլմը հնարավոր կլինի դիտել տարբեր կինոփառատոներում և կինոթատրոններում։