Վատիկանի թանգարաններն անհանգստանում են նմուշների պահպանության համար

09:46 • 08.01.14

2013-ին այցելուների ռեկորդային հոսքը՝ 5.5 մլն մարդ, Վատիկանի թանգարանների ղեկավարության շրջանում լուրջ անհանգստություն է առաջացրել՝ նմուշների պահպանության առնչությամբ, հայտնում է РИА Новости-ն։

 

Թանգարանների տնօրեն պրոֆեսոր Անտոնիո Պաոլուչիի խոսքով՝ նմուշների պահպանությունը լրացուցիչ միջոցներ է պահանջում։


Մասնավորապես, Սիքստինյան կապելայում, որտեղ ցանկանում է լինել թանգարանների յուրաքանչյուր այցելու, անհրաժեշտ խոնավություն ապահովելու և Միքելանջելոյի հայտնի որմնանկարները պահպանելու համար հարկավոր է տեղադրել հատուկ թանկարժեք սարքավորումներ։

 

Տնօրենը կարծում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի աճող հեղինակության, ինչպես նաև Հովհաննես 23-րդի և Հովհաննես Պողոս 2-րդի սրբացման պատճառով, 2014թ. Վատիկանի թանգարանների այցելուների թիվը կաճի։

 

Յուրաքանչյուր օր այդ թանգարաններ այցելում է 15-20 հազ. զբոսաշրջիկ։ Ամռանը՝ ուրբաթ օրերին, թանգարաններն աշխատում են մինչև ժամը 23։00-ն։