Կաննի միջազգային կինոփառատոնի նոր նախագահ կդառնա Պյեր Լեկյուրը. ԶԼՄ-ներ

18:06 • 09.01.14

Կաննի միջազգային կինոփառատոնի նոր նախագահ կնշանակվի Պյեր Լեկյուրը՝ ֆրանսիական Canal+ վճարովի հեռուստաալիքի նախկին ղեկավարը։ Նա կփոխարինի 83-ամյա ռեժիսոր, կինոքննադատ և պրոդյուսեր Ժիլ Ժակոբին, ով զբաղեցնում է այս հեղինակավոր պաշտոնը 1978-ից, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ապագա նշանակման մասին հայտնել է այդ պաշտոնի մեկ այլ թեկնածու Ժերոմ Կլեմանը, ով նախկինում գլխավորել է ARTE ֆրանս-գերմանական հեռուստաալիքը։

 

«Սուրբ Ծննդյան նախօրեին ինձ տեղեկացրին, որ նախագահ կդառնա Լեկյուրը. պարզվում է՝ այդ պաշտոնը ստանալու համար պետք է լինել կինոփառատոնի վարչական խորհրդի անդամ։ Քանի որ ես ընդգրկված չեմ այնտեղ, հետևաբար՝ չեմ կարող ընտրվել։ Իմ տեղեկություններով՝ Լեկյուրի թեկնածությունը կառաջադրի ֆրանսիական պետությունը»,- ասել է Կլեմանը։

 

Կաննի միջազգային կինոփառատոնի կազմկոմիտեն և անձամբ Պյեր Լեկյուրը հրաժարվում են մեկնաբանել Կլեմանի հայտարարությունը։