Հունվարի 9-ը Փարաջանովի ծննդյան օրն է, այսօր նա կդառնար 90 տարեկան
Հունվարի 9-ը 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 90 տարեկան:
Tert.am-ի հետ զրույցում Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասաց, թե ինչպես միշտ կայցելեն պանթեոն՝ նրա շիրմին, հետո էլ թանգարանում մտերիմներով կնշեն ծնունդը:
«Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամբողջությամբ նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին»,- ասաց Զավեն Սարգսյանը:
Պատասխանելով հարցին, թե տարվա ընթացքում հայ պաշտոնյաներից ովքե՞ր են այցելում տուն-թանգարան, Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրենն ասաց. «Բոլորն էլ գալիս են. անցյալ տարի Վեհափառն է եղել այստեղ, առաջին տիկինը, վարչապետն է այստեղ գրողների հետ հանդիպել: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բունդեսթագի խոսնակին էր հրավիրել այստեղ: Դեսպաններն են շատ այցելում»:
Իսկ ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավորների այցելությանը, ապա Զավեն Սարգսյանն ասաց. «Պատգամավորներից իմ ընկերներից մեկ-երկու հոգի այցելում են, մնացածին չեմ հիշում»:










