Սանդրա Բալոքը և Ջոնի Դեփն արժանացել են People's Choice Awards մրցանակի (լուսանկարներ)

10:14 • 09.01.14

Լոս Անջելեսի Nokia համերգասրահում (ԱՄՆ) երեկ հայտարարել են People's Choice 2014թ. մրցանակաբաշխության հաղթողներին. «ազգային» սիրելիներ են ճանաչվել դերասաններ Սանդրա Բալոքը և Ջոնի Դեփը, գրում է РИА Новости-ն։

 

Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվել Սանդրա Բալոքը։ Համաժողովրդական քվեարկության արդյունքներով՝ նա արժանացել է նաև «Լավագույն կատակերգու դերասանուհի» և «Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգերին։ Բալոքն արժանացել է նաև «Լավագույն դուետ» մրցանակի «Ձգողականություն» ֆիլմի համար, որտեղ նկարահանվել է Ջորջ Քլունիի հետ։

 

Այդ ֆիլմը, հանդիսատեսի կարծիքով, ճանաչվել է նաև «Լավագույն դրամատիկ ֆիլմ»։

 

Սիրելի կինոդերասանի կոչմանն արժանացել է Ջոնի Դեփը՝ առաջ անցնելով Հյու Ջեքմանից, Չենինգ Տատումից, Լեոնարդո Դի Կապրիոյից և Ռոբերտ Դաունի-կրտսերից։

 

«Լավագույն դրամատիկ դերասան» է ճանաչվել Լեոնարդո Դի Կապրիոն։ Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Երկաթե մարդը- 3» ֆիլմը, լավագույն երաժշտական ալբոմ՝ Ջասթին Թիմբերլեյքի «The 20/20 Experience» ալբոմը։


Երաժշտության ոլորտում, ըստ քվեարկության, լավագույնն է ճանաչվել Բրիթնի Սփիրսը՝ առաջ անցնելով Դեմի Լովատոյից, Քեթի Փերիից, Բրունո Մարսից և Ջասթին Թիմբերլեյքից։