Ալիևի հայտարարությունը «քաղաքական սանտակլաուսություն» է. Դավիթ Բաբայան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ կառավարության նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը որակում է որպես «քաղաքական սանտակլաուսություն»:
Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն անդրադառնալով այդ հայտարարություններին՝ նշեց. «Ինձ թվում է՝ երևի իրենք Նոր տարին մի քիչ երկարացրել են, և ինքը Սանտա Կլաուսի դերակատարությունն է տանում՝ քաղաքական ասպարեզում: Այսինքն՝ եթե Ձմեռ պապին բերում է ինչ-որ նվերներ, սա միայն խոստանում է»:
Հիշեցնենք, որ ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ «որոշակի հույսեր, որոշակի լավատեսական պահեր կան», և եթե Հայաստանում գերակշռեն իրատեսական մոտեցումները, կարճ ժամանակում կարող է տեղաշարժ արձանագրվել հակամարտության հետ կապված։ Իսկ իրատեսական մոտեցման ալիևյան ընկալումն այն է, որ Հայաստանը «պետք է հենվի իրականության, իրական ուժերի հարաբերակցության վրա»։ Ըստ նրա՝ Ադրբեջանի աճող հզորությունը նույնպես այստեղ իր դերն է խաղում և խաղալու է, որովհետև երկու երկրների միջև համեմատություն անցկացնելու դեպքում իր երկրի առավելությունը բացահայտ դրսևորվում է բոլոր ոլորտներում:
Իլհամ Ալիևը նաև վստահություն է հայտնել, թե «հարցը պետք է լուծվի և լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»;
Պաշտոնական Ստեփանակերտի խոսնակի գնահատմամբ՝ Իլհամ Ալիևը միշտ նույն հայտարարություններն է անում, որոնք մեկ անգամ ևս վկայում են, որ Ադրբեջանի համար ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու է:
«Նման մոտեցումներից հետո ուղղակի անհնար է ակնկալել որևէ դրական տեղաշարժ, և նման հայտարարությունները պետք է նաև լուրջ ազդանշան հանդիսանան Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների համար: Եվ նրանք իմանան, ավելի լավ պատկերացնեն՝ ի՞նչ է կատարվում և համապատասխան քայլեր ձեռնարկեն»,-մեկնաբանեց Դավիթ Բաբայանը:
Ի պատասխան դիտարկման, թե սովորաբար հայ քաղաքագետները Ադրբեջանի պաշտոնատար անձանց նման հայտարարությունները որակում են որպես ներքին լսարանին ուղղված, քանի որ, որպես կանոն, դրանք հնչում են նախընտրական շրջաններում, Դավիթ Բաբայանը կրկնեց, որ հիմա էլ առիթը Նոր տարին է:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը համաձայնեց Իլհամ Ալիևի հայտարարությունների՝ Նոր տարվանով պայմանավորված լինելու հետ:
«Նոր տարի է՝ հայտարարությունը համանախագահների, Ռուսաստանի համար է, Հայաստանի համար՝ որ թող Հայաստանը մտածի»,-ասաց քաղաքագետը։
Նա նաև հավելեց, որ Իլհամ Ալիևը որևէ նոր բան չի ասել. «Նա լրիվ արտահայտում է իր պատկերացումները, մտադրությունները, որ մենք կուժեղանանք, Հայաստանը կթուլանա, և այլն»:










