Ջորջ Քլունին երկրպագուներին առաջարկել է 10 դոլարի դիմաց երեկո անցկացնել իր հետ
Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին ամենաշռայլ բարերարին առաջարկել է իր ուղեկիցը դառնալ «Գանձեր որոնողները» նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ, ինչպես նաև ներկա գտնվել այդ իրադարձությանը նվիրված երեկույթին, գրում է Russia Today-ը՝ վկայակոչելով USA Today-ին։
Դերասանի հետ օրն անցկացնելու հնարավորությունը կխաղարկվի բոլոր նրանց միջև, ովքեր ներդրումներ կանեն Satellite Sentinel Project բարեգործական կազմակերպությունում։ Որքան շատ ներդրումներ անի երկրպագուն, այնքան մեծ է դերասանի հետ հանդիպելու հավանականությունը։ Նվազագույն ներդրումը 10 դոլար է։
Ֆիլմի պրեմիերայի ընթացքում բարեգործական մրցույթի հաղթողը կարող է հանդիպել նաև Հոլիվուդի այլ աստղերի հետ՝ Մեթ Դեյմոն, Քեյթ Բլանշետ, Բիլ Մյուրեյ։ Բացի այդ, նա Քլունիի հետ կմասնակցի Late Show with David Letterman հաղորդմանը։
Մրցույթն անցկացնում է Satellite Sentinel Project կազմակերպությունը, որի հիմնադիրներից մեկն է 52-ամյա Ջորջ Քլունին։ Այս կազմակերպությունը հետևում է Սուդանի և Հարավային Սուդանի սահմանին։










