Ավստրալացի գիտնականները ներողություն են խնդրել 7-ամյա աղջկանից վիշապ պատրաստել չկարողանալու համար

14:19 • 10.01.14

Ավստրալիայի Գիտական և արդյունաբերական հետազոտությունների կազմակերպությունը (CSIRO) ներողություն է խնդրել յոթնամյա աղջկանից կրակ արտաշնչող վիշապ պատրաստել չկարողանալու համար՝ առասպելական էակների վերաբերյալ հետազոտությունների պակասի պատճառով, գրում է Agence France-Presse-ը:

 

Փոքրիկ Սոֆին գրել էր կազմակերպությանը՝ հարցնելով, թե նրանք արդյոք կարող են իր համար թևավոր կենդանի պատրաստել: Նա խոստացել էր նրան հում ձուկ կերակրել և խաղալ նրա հետ դասերն անելուց հետո: Սոֆիի խնդրանքին հաջորդել է տարօրինակ ներողությունը:

«Վիշապներ չկան»,- ասվել է այս շաբաթ կազմակերպության կայքում տեղադրված բլոգ-պատասխանի մեջ:

 

Այս պատմությունը հեքիաթային ավարտ է ունեցել այսօր, երբ CSIRO-ն հայտարարել է, որ Սոֆիի նամակի շնորհիվ «վիշապը ծնվել է»:

«Մենք չէինք կարող նստել և ոչինչ չանել: Վերջիվերջո, մենք խոստացել էինք Սոֆիին, որ կզբաղվենք նրանով»,- ասված է նոր բլոգում:

 

3D տպված կապտամոխրագույն վիշապը, որն այնքան փոքր է, որ հնարավոր է ձեռքում պահել, այժմ ճանապարհին է՝ Մելբուռնից դեպի Բրիսբենում Սոֆիայի տուն: Այն շատ ուժեղ է և թեթև, այնպես որ կկարողանա լավ թռչել:

 

Սոֆիի ծնողների համաձայն՝ փոքր տարիքից դինոզավրերի և վիշապների սիրահար երեխան Սուրբ Ծննդին իրենցից որպես նվեր վիշապ էր խնդրել, նրանք էլ ասել էին, որ դա հնարավոր չէ՝ խորհուրդ տալով կապվել գիտնականների հետ: