Գրիգորի Լեպսը ելույթ չի ունենա Սոչիի Օլիմպիադայի բացմանը՝ ԱՄՆ-ի հետ սկանդալի պատճառով

15:52 • 10.01.14

Ռուս երգիչ Գրիգորի Լեպսը ելույթ չի ունենա Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը՝ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության «սև ցուցակում» հայտնվելու պատճառով. այդ մասին երգիչն ասել է «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է newsru.com-ը։

 

Քսենյա Սոբչակի հետ զրույցում երգիչը խոսել է «Եղբայրական շրջան» հանցավոր խմբավորման և ռուսական քրեական հեղինակությունների հետ ունեցած կապերի մասին։

 

«Չգիտեմ, թե ինչպես են նրանք հիմնավորել իրենց ասածները։ Ամերիկան ինձ թույլ չի տա մուտք գործել իր երկիր։ Երկիրը մեծ է և հզոր, ունեն իրավունք։ Նրանք ասում են, թե իբր ես գումար եմ տարել հանցավոր խմբերի համար։ Առաջին անգամ եմ լսում այդ անվանումը՝ «Եղբայրական շրջան»։ Կարծում եմ՝ դա իրենք են հորինել»,- ասել է Լեպսը՝ նշելով, որ այն մարդկանց հետ, որոնց ամերիկյան ֆինանսների նախարարությունը ներառել է իր ցուցակում, շարունակում է շփվել մինչ օրս և չի պատրաստվում դադարեցնել իր ընկերությունը։

 

Երգիչը խոստովանել է, որ երգում է ռուսական քրեական հեղինակությունների համար։ «Ինձ համար միևնույնն է, ինձ համար տարբերություն չկա, թե ում համար եմ ես երգում։ Ես ունեմ որոշակի մարդկանց ցուցակ, որոնց համար չեմ երգի, սակայն այդ անունները ձեզ ոչինչ չեն ասի»,- ասել է Լեպսը։

 

Նրա խոսքով՝ ինքը դիմել է ռուս քրեական հեղինակություններին՝ իր նյութական խնդիրները լուծելու համար, սակայն անձամբ կապ չունի մաֆիայի գործերի հետ։

 

Լեպսը հայտարարել է, որ «ինքը միշտ իշխանության հետ է»։ «Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է վատ խոսեմ իշխանության մասին։ Ես լավ եմ արտահայտվում, սակայն չեմ պատրաստվում ոչ մեկի մեծարել։ Ես ծառայում եմ իմ հայրենիքին, ոչ թե քծնվում եմ»,- ասել է նա։