Այն մարդն էր, ով գիտեր իր երկրի խնկի ծառը, հողի դողը. գրողների հրաժեշտը Լևոն Խեչոյանին (տեսանյութ)
Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր տեղի ունեցավ արձակագիր Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը։ Հարազատները, ընկերներն ու մարտական ընկերները, ինչպես նաև քաղաքական գործիչներ ու պաշտոնյանները եկել էին հրաժեշտ տալու տաղանդավոր գրող և ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկին։ Նրանց թվում էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և այլք։
Գրականագետ Դավիթ Գասպարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Լևոն Խեչոյանի մահը ծանր կորուստ էր հայ ժամանակից գրականության և մտավոր կյանքի համար։
«Անսահման ծանր կորուստ ունեցանք, որովհետև ուժերի ծաղկման շրջանում Լևոն Խեչոյանը գնաց։ Ես նրան գնահատում եմ առաջին հերթին խիզախ հայ մարդ, ով իր հայրենիքի նեղ օրին զենքը ձեռքը վերցրեց և գնաց պաշտպանելու, ազատագրելու, երբեք ձև չարեց, երբեք զինվորականի հագուստ չհագավ՝ ցույց տալու, թե ինքը մասնակցել է։ Արժանավոր հայ էր, ընտիր քաղաքացի էր, ուղիղ, ուղղամիտ, շիտակ, ճիշտ մտածող և ամենակարևորը՝ լավագույն արձակագիրներից մեկը այսօրվա գրականության»,-ասաց նա։
Գրականագետը, սակայն, մեկ մխիթարական բան գտել է. «Եթե մխիթարական մի բան պետք է որոնենք՝ այն է, որ «Մհերի դուռը» վեպն է գրել, որը էպոսի մշակումն է։ Սպասենք այդ վեպի լույս տեսնմանը, այդ վեպը նրա հարությունը կլինի»։
Նշենք, որ Լևոն Խեչոյանի «Մհերի դուռը» ստեղծագործությունը ներկայումս հրատարակության ընթացքի մեջ է, հեղինակը հասցրել է տեսնել գրքի ազդօրինակը:
Կինոգետ Դավիթ Մուրադյանը հիշեց Լևոն Խեչոյանի «Խնկի ծառը» և «Հողի դողը» պատմվածքները և նշեց, որ նա այն մարդն էր, ով գիտեր իր երկրի խնկի ծառը, հողի դողը և դրանց ամեն մասնիկի մասին հուշում էր մյուսներին: «Ուժ կար մեջը, քանդակագործի թափ կար, գրական ձեռքն այդպիսին էր: Նրա ստեղծագործությունները քանդակագործի տարերք ունեն, պնդություն: Մարդու մեջ խորանալ գիտեր, ժամանակի ծանրությունն իր վրա վերցնող հեղինակ էր: Ամեն ժամանակ իր ծանրությունն ունի, և մեկը միշտ պետք է լինի, որ այդ ծանրությունը իր ուսերին վերցնի: Նա վերցրեց այդ բեռը: Գրականության մեջ զինվոր էր, մեր արցախյան տարիներին զինվոր էր եղել, որն էլ շարունակեց գրականության մեջ: Հեռացավ անժամանակ»,-ասաց նա:
Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը նշեց, որ կորցրեցինք հայ արձակի առաջին դեմքին։ «Նա երկար ժամանակ եղել է մեր գրականության ժամանակից արձակի մեծություն, որը երկար ժամանակ այդպես էլ ընկալվելու է։ Նա ոչ միայն գրող էր, նրա ջիղը ընտիր էր, հայեցի, նա մարդ էր, ազատամարտիկ, հայրենասեր հայ, ով զենքը ձեռքին պաշտպանել է հայրենիքը»,-ասաց նա։










