Մայդանում հայտնաբերել են Յանուկովիչի «գործակալներին»
«Եվրամայդանի» հանրային խորհրդին կասկածում են իշխանության, այլ ոչ ընդդիմության շահերը պաշտպանելու համար: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Օլեգ Մեդունիցան, գրում է lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ այդպես փորձում են Մայդանը կազմաքանդել ներսից: «Երբ իշխանությունները տեսնում են, որ ուժային մեթոդներով չեն կարողանում ցրել Մայդանը, փորձում են ներսում խնդիր ստեղծել»,- նրա խոսքերը մեջբերել է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Այդպես է Մեդունիցան մեկնաբանել վերջերս «Մայդանի» հանրային խորհրդի հնչեցրած պահանջը՝ ընդդիմությունից միասնական նախագահի թեկնածու որոշելու վերաբերյալ: Պատգամավորը նշել է նաև, որ այդ պահանջը ոչ մեկ չի իրականացնի: Նա հավելել է, որ խորհրդի կազմում հավաքել են «նեղացած» ակտիվիստների:
«Այդ մարդիկ կփորձեն բողոքի տրամադրված քաղաքացիների ուշադրությունը շեղել նրանից, թե ինչ է իրականում տեղի ունենում Եվրամայդանում»,- ասել է պատգամավորը:










