Եվրահանձնակատարը մեղադրել է Քեմերոնին բրիտանացիների «ապագան կործանելու» համար
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգը հայտարարել է, որ բրիտանական կառավարության դիրքորոշումը ներգաղթի վերաբերյալ «կործանում է ժողովրդի ապագան», գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Վիվիան Ռեդինգը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ի ներգաղթյալների՝ Մեծ Բրիտանիա հոսքի առնչությամբ անհանգստությունները սրվում են՝ ընտրողներին երկրի իրական խնդիրներից շեղելու համար:
Ռեդինգի խոսքով՝ տեղեկության մեծ մասը, որը ստանում է Մեծ Բրիտանիայի հասարակությունը, հիմնված է միֆերի վրա, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ:
Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան նախազգուշացրել է քաղաքական առաջնորդներին, որ ընտրողների ձայները ստանալու համար պոպուլիստական մարտավարության ընդունումը կարող է «կործանել Բրիտանիայի ապագան»:
«Աշխատատեղեր և սոցիալական ապահովություն «գողացող» օտարերկրացիների ներխուժման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Ռեդինգը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 3-4 տոկոսով աճել է հենց ներգաղթյալ աշխատակիցների շնորհիվ:










